Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնալով պատերազմի ավարտին, անվտանգության հարցերին և միջազգային զարգացումներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին նշել է, որ պատերազմի ավարտի վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են։ Նա Թրամփի հետ հանդիպումը գնահատել է որպես լավ, արդյունավետ և բովանդակալից։
Ուկրաինայի նախագահը քննադատել է Գրենլանդիայում անվտանգության վերաբերյալ որոշ մոտեցումներ՝ նշելով, որ 30–40 զինծառայող ուղարկելը չի կարող ապահովել իրական պաշտպանություն։
«30–40 զինվոր Գրենլանդիան չեն պաշտպանի։ Եթե մենք ՆԱՏՕ-ում լինեինք, կարող էինք օգնել»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան կարող է լուծել ռուսական նավերի հետ կապված խնդիրը։
Նա նաև հայտարարել է, որ ռուսական նավերը շրջում են Գրենլանդիայի շուրջը, մինչդեռ եվրոպական երկրները չեն կարողանում արդյունավետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Զելենսկու խոսքով՝ Եվրոպայում Ուկրաինային խորհուրդ են տալիս չբարձրաձայնել ԱՄՆ-ին «Տոմահավք» հրթիռների տրամադրման հարցը, որպեսզի չվատթարանան ամերիկյան կողմի տրամադրությունները։
Անդրադառնալով Ռուսաստանի ռազմական կարողություններին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մոսկվան բաղադրիչներ է ստանում ոչ միայն Չինաստանից, այլև Եվրոպայից, ԱՄՆ-ից և Թայվանից։
Զելենսկին հայտնել է նաև, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հունվարի 23–24-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։




















































































