Ավելի դաժան եմ դառնալու. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք ԱԺ նախագահ դառնալուց հետո փոխելու է իր իմիջը, նոր կոստյումներ գնելու է:

Սահակյանն ասաց. «Ես տասը տարվա կոստյում էլ ունեմ, որովհետև շատ նրբանկատ եմ հագուստի նկատմամբ: Բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ դառնալու, լրագրողների երեսին չեմ նայելու»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր է ԱԺ նախագահ դառնալու հանգամանքը հիմք դառնա Գալուստ Սահակյանի համար  2018-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու համար: «Ինձ ուրիշների տեղը մի՛ դրեք»,- պատասխանեց  քաղաքական գործիչը` հավելելով, որ ինքը որևէ պաշտոնի հավակնություն  չունի:

Ի դեպ,  ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը, հնարավոր է, չթողնի իր բնակարանը և տեղափոխվի Պռոշյան փողոցում գտնվող ամառանոց:

Անդրադառնալով  ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը ղեկավարելուն` Սահակյանն ասաց. «Այսպես թե այնպես, ես նաև կուսակցության փոխնախագահն եմ ու մասնակից եմ լինելու խմբակցության աշխատանքներին, բայց դա չի նշանակում, որ ես «խմբակցության ղեկավար» անվանումը պետք է ունենամ, որովհետև եթե ընտրվեմ, ես ոչ միայն ՀՀԿ  խմբակցության նախագահն եմ լինելու, այլև՝ ամբողջ խորհրդարանի»:

Քաղաքական գործիչը նաև ասաց, որ ինքն իրեն վատ կզգա, եթե  մյուս խմբակցությունները չմասնակցեն քվեարկությանը:

«Ես չեմ կարծում, որ իմ անձի նկատմամբ նման վերաբերմունք կլինի»,- ասաց նա` հավելելով, որ ինքը պատրաստ է ցանկացած հարցի շուրջ քննարկումներ սկսել 4 ոչ իշխանական խմբակցությունների հետ:

Սոնա Դավթյան




Լրահոս