Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիը զգուշացրել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդին՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ հնարավոր որոշում ընդունելուց, նշելով, որ նման քայլը ոչ թե կհանգուցալուծի, այլ ավելի կբարդացնի իրավիճակը։
Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները՝ Իրանի դեմ շարունակվող ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին։
Արաղչին ընդգծել է Իրանի ինքնապաշտպանության իրավունքը՝ շեշտելով, որ երկիրը պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա խստորեն դատապարտել է ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, այդ թվում՝ համալսարանների, կամուրջների և գիտական կենտրոնների թիրախավորումը։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ անվտանգային խնդիրները պայմանավորված են ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններով։ Նրա խոսքով՝ ներկայումս այն երկրների նավերը, որոնք ներգրավված չեն հակամարտությունում, կարող են անցնել նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համաձայնեցմամբ։
Արաղչին նաև քննադատել է ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների ջանքերը ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ Իրանի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ՝ զգուշացնելով, որ ցանկացած սադրիչ քայլ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ որոշում ընդունելը, կարող է էլ ավելի սրել իրավիճակը։
Նա նաև դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները մշակութային օբյեկտների վրա, այդ թվում՝ Թեհրանում գտնվող ուղղափառ եկեղեցու թիրախավորումը՝ դա որակելով միջազգային իրավունքի խախտում և կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային կառույցներին արձագանքել։
Իր հերթին, Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ դատապարտելով Իրանի դեմ ռազմական գործողությունները և ընդգծելով դիվանագիտական ճանապարհով ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ Մոսկվան նախաձեռնել է մի շարք առաջարկներ՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններն ու համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ փետրվարի 28-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։ Հարվածները հասցվել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա՝ առաջացնելով զգալի մարդկային կորուստներ և ենթակառուցվածքների վնասներ։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ամերիկյան և իսրայելական դիրքերին՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Անի Վարդանյան
























































































