Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Վարդաշենի փողոցից գերեզմանատուն տանող ճանապարհին։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, որսորդական երկու հրացան, «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 391 փամփուշտ և որսորդական հրացանի մասեր։
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգահարած քաղաքացու նշած վայրում՝ Մառի փողոցում գտնվող կիսաքանդ շինության տարածքում, համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, հակատանկային նռնակ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի և տրոտիլ տեսակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 176 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։





























