Armenian text to speach

Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ակնհայտ «ֆալստարտով» կտորկտոր ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մայիսի 8-ին: Այստեղ առավել էական են հետահայաց զուգահեռները՝ հինգ տարվա կտրվածքով:

2021 թվականին էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, բնականաբար, հանդես են եկել «նախընտրական ծրագրով», որը հետագայում՝ նույն 2021 թ. օգոստոսին, փաստացի դարձել է «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այսինքն, խոսքը զուտ առանձին վերցրած 1 կուսակցության նախընտրական խոստումների մասին չէ, այլ գործող իշխանության, մի ամբողջ կառավարության հնգամյա գործունեության ծրագրի՝ պաշտոնական, կարգավիճակ ունեցող փաստաթղթի: Ու հիմա, երբ Փաշինյանը մի նոր «հնգամյա պլան» կամ «նախընտրական ծրագիր» է ներկայացնում, առավել քան տեղին ու տրամաբանական է հարցը. իսկ նախորդ 5 տարվա ծրագիրը կատարե՞լ է:

Իրեն որ լսես, կասի՝ կատարել է: Բայց կատարե՞լ է: Ոչ միայն չի կատարել, այլև իր իսկ կառավարության որոշմամբ ամրագրված 2021-26 թթ. ծրագրի ամբողջական բլոկներ ուղղակիորեն տապալել է: Ավելին, շատ դեպքերում արել է լրիվ հակառակը: Մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք այս խնդրին, և նման նախանձախնդիր մոտեցման հիմնապատճառներից մեկն այն է, որ դա ցանկացած իշխանության, կառավարության գործունեությունը գնահատելու ամենաառարկայական տարբերակ է:

Եվ այսպես. կառավարության այդ ծրագրի «Անվտանգություն և արտաքին հարաբերություններ» բաժնի 1.2 ենթակետը՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հիմնովին տապալել կամ ձախողել են: Համոզվեք: Փաշինյանը 2021-ին խոստացել է (ու նաև դրա համար շուրջ 680 հազար քվե է ստացել), որ «կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: …Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: … Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»:

Իսկ ի՞նչ ունենք արդյունքում: Արցախն ուրացել է (Պրահա, 06.1.2022 թ.), Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ու Արցախի հայության բռնի տեղահանության ժամանակ գործնականում մատը մատին չի տվել (սեպտեմբեր 2023 թ.), այնուհետև հանդես է եկել (կամ միացել է ադրբեջանական նախաձեռնությանը) ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումով: Այսինքն, արել է 2021-ին խոստացածի ու իր կառավարության ծրագրով ամրագրվածի տրամագծորեն հակառակ գործողությունները: Այն աստիճան է արել, որ նույն Փաշինյանը, որը 2021-ին խոստանում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, ինքնորոշման իրավունքի իրացում, այսօր՝ 5 տարի անց, հայտարարում է, թե «Ղարաբաղյան շարժման էջը փակված է, իսկ ով ուզում է բացել, պատերազմ է ուզում…» և նման բաներ:

Հենց միայն այսքանը բավարար կլիներ, որ որևէ այլ կառավարություն, որևէ այլ գործիչ ոչ միայն դադարեր իշխանություն լինելուց, այլև առհավետ հրաժեշտ տար քաղաքական ասպարեզին: Իսկ Փաշինյանը վերստին հավակնում է մի 5 տարի էլ կառավարել երկիրը:

Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, …վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:

Ու այսպես, կարելի է ցանկացած այլ բնագավառի հետ կապված վերցնել Փաշինյանի նախորդ ծրագիրն ու այն անցկացնել փաստացի իրականության պրիզմայով:

Իրականում այդ ինքը՝ Փաշինյանը, պետք է շահագրգռված լիներ հաշվետվություն ներկայացնել, կետ առ կետ: Բայց ի՞նչ ներկայացնի: Ստիպված մենք ենք ներկայացնում ու առաջիկայում այլ ոլորտների ևս կանդրադառնանք:

Ու այստեղ ծագում է մյուս հարցը. 5 տարի իր իսկ կառավարության գործունեության ծրագիրը չկատարած, որոշ դեպքերում կիսատ-պռատ կատարած, իսկ առանձին բլոկներով ծրագրածի հակառակն արած գործիչն ու ուժը ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում, դեռ մի բան էլ՝ նորից մի 5 տարի իշխելու հայտ ներկայացնում: «Չալաղաջ» ինքնապարգևատրումնե՞րն են ուզում պահպանել: Ո՞նց էին ասում՝ «պետության համը» բերաննե՞րն է ընկել:

…Եթե որևէ մեկը շինարարների բրիգադ է վարձում, իսկ նրանք, բնակարանը վերանորոգելու փոխարեն, այն քարուքանդ են անում, ապա պատվիրատուն նրանց քշում է, այլևս այդ բրիգադի հետ գործ չի բռնում, իսկ առավել խստապահանջները նաև հատուցում են պահանջում ու ստանում:

Փաշինյանի «բրիգադը» երկրաքանդություն է արել: Իսկ պատվիրատուն, այսինքն՝ ժողովուրդը, ի՞նչ որոշում է կայացնելու, «բնակարանը» քարուքանդ արածներին նոր պատվեր տալ, թե՞…»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս