ՔՊ անդամները սոցիալական հարթակներում արդեն մի քանի օր է ակտիվորեն գովազդում են Քաղաքացու օրվա միջոցառումները։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, Հայաստանում կնշվի Քաղաքացու օրը, որի համար իշխանությունները պետական բյուջեից տրամադրել են 20 միլիոն 422 հազար 223 դրամ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ Նշենք, որ այս գումարը տրամադրվել է ընդամենը երկու կապալառուների՝ «Ստեփան Կույումջյան Միհրանի» և «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» անհատ ձեռնարկատերերին։
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ երկու անհատ ձեռնարկատերերն էլ, որոնց հետ պայմանագիր է կնքել վարչապետի աշխատակազմը, ակտիվորեն մասնակցում են պետգնումներին։ Ինչ վերաբերում է Վահրամ Թոքմաջյանին, ապա վերջինս պատմաբան է, որն աշխատել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և դասավանդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեխաներին՝ Մարիամին և Աշոտին։ Նշվում է նաև, որ այդ օրը ելույթ է ունենալու Փաշինյանի «Վարչաբենդը»։
«Voice of peace» ինստագրամյան էջը հայտնել է, որ համերգի շրջանակում ելույթ են ունենալու միջազգային և հայ հայտնի արտիստներ՝ Willy William, Imany, Outlandish, In-Grid և Իվետա Մուկուչյան։ Ըստ նույն էջի հրապարակման՝ համերգի կարգախոսն է «Խաղաղության ձայնը» մեգաերաժշտական փառատոն։
ArmLur.am-ը ուսումնասիրել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հայտարարությունը և ներկայացնում է, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում Քաղաքացու օրվա շրջանակում։
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Քաղաքացու օրը, որը 2026 թվականին կնշվի ապրիլի 25-ին։ Այսինքն՝ Քաղաքացու օրը շարժական տոն է։ Ըստ նախարարության՝ այս տարի միջոցառումները կանցկացվեն «Մենք ենք մեր պետությունը» խորագրով և կընդգրկեն հանրապետության շուրջ 100 բնակավայր։
ArmLur.am-ի ուսումնասիրությամբ՝ միջոցառումները կազմակերպվելու են երեք հիմնական ուղղությամբ՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։
Կրթական բաղադրիչի շրջանակում հանրապետության բոլոր դպրոցներում արդեն իսկ իրականացվում են ուսումնական նախագծեր՝ «Մենք ենք մեր պետությունը» թեմայով։ Աշակերտները ուսումնասիրում են իրենց համայնքների խնդիրները և առաջարկում լուծումներ։ Նախագծերը կամփոփվեն ապրիլի 20-ին, իսկ պատրաստված մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութերը Քաղաքացու օրը կհրապարակվեն դպրոցների ֆեյսբուքյան էջերում։
Երիտասարդական ուղղությամբ նախատեսվում են բանախոսություններ՝ նվիրված պետության, քաղաքացիական ինստիտուտների, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարներին։ ArmLur.am-ը պարզեց, որ քննարկումները կանցկացվեն Երևանի 12 վարչական շրջաններում և մարզերի մի շարք բնակավայրերում՝ ընդհանուր շուրջ 100 համայնքում։ Բանախոսները կլինեն պետական պաշտոնյաներ, հանրային գործիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մասնագետներ։
Մշակութային հատվածում նախատեսված են համերգային միջոցառումներ՝ մասնավորապես Մարալիկ և Վարդենիս քաղաքներում։
Այսպիսով, պետական բյուջեից ավելի քան 20 մլն դրամի ծախսով Քաղաքացու օրվա միջոցառումները այս տարի կունենան լայն ընդգրկում՝ կրթական ծրագրերից մինչև միջազգային աստղերի մասնակցությամբ համերգներ։

Ս․ Գրիգորյան





























