«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի սեղմագիրը։ Հիմնական կետերը ներկայացնում ենք ստորև։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Կստեղծենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակ։
- Կապահովենք ներդրումներ հայրենական ռազմարդյունաբերության մեջ՝ զարգացնելու սեփական սպառազինության համակարգը։
- Հայաստանը չի հրաժարվի իր միջազգային պարտավորություններից։ Կիրագործենք TRIPP-ը, կվերարժևորենք ԵԱՏՄ-ում անդամակցությունը, կխորացնենք ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ կապը՝ Հայաստանի շահերին համապատասխան։
- Բացարձակ առաջնահերթություն կլինի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը միջազգային ատյաններում, այդ թվում՝ հատուցումներ արցախցիների իրավունքների խախտումների համար։ Վերականգնելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը։
- Ազատելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։ Գերիների, անհայտ կորածների, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը լինելու է մեր առաջնահերթությունը։
- Առաջ կմղենք արցախցի մեր հայրենակիցների ապահով, արժանապատիվ և կամավոր վերադարձի հիմնարար իրավունքը միջազգային օրակարգում։
Մեր ձեռնարկած քայլերը երաշխավորելու են հարևանների հետ խաղաղ գոյակցությունը։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է` ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
- Կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները՝ արժանապատիվ կյանք ապահովելու համար։
- Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։
- Կստեղծենք վերապատրաստման կենտրոններ՝ ապահովելով 10,000-ից ավելի քաղաքացու մուտքը բարձր եկամուտ ապահովող ոլորտներ։
- Չմշակվող հողատարածքներն ու լքված շինությունները կտրամադրենք զարգացման ծրագրեր ներկայացնողներին։
- Հայաստանը կդարձնենք արտադրական և տեխնոլոգիական երկիր՝ արդյունաբերական գոտիներով, որտեղ կլինի գրեթե զրոյական հարկային համակարգ և պարզ վարչարարություն։
- Կներդնենք նոր հարկային համակարգ․ նախքան դրա գործարկումը կվերականգնենք մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող հարկային ռեժիմը։
- Կվերացնենք շրջանառության հարկն ու ԱԱՀ-ն՝ փոխարենը ներդնելով պարզ՝ 5 %-անոց հարկ:
- Կվերացնենք հավասար հարկման անարդար մոտեցումը․ քիչ եկամուտը կհարկվի քիչ, շատ եկամուտը՝ շատ։
- Քաղաքացին կկարողանա գնել բիզնեսի բաժնետոմսեր՝ արժեթղթերի շուկան կլինի հասանելի բոլորին։
- Կներդնենք թվային դրամ՝ ապահովելով պետական ֆինանսների թափանցիկություն և վերահսկելիություն։
- Կստեղծենք գյուղատնտեսական արտադրանքի մթերման և ագրոխորհրդատվության կենտրոններ։
- Կապահովենք օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում։
- Կզարգացնենք ապահովագրությունը, այդ թվում՝ անասունների անկումը և բերքի ոչնչացումը փոխհատուցելով։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է` ԲԵՐԵԼՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
- Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում։
- Բազմազավակ ընտանիքի եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր եկամտից՝ նվազեցնելով հարկի չափը յուրաքանչյուր երեխայի համար։
- Կդադարեցնենք դպրոցների անհիմն օպտիմալացումը և դրա անվան տակ դպրոցների շենքերի փակումը, կավելացնենք մանկապարտեզների քանակը և կդարձնենք անվճար։
- Կանցնենք պարտադիր 11-ամյա կրթության։ Լրացուցիչ մեկ տարի կնախատեսվի բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար։
- Կապահովենք պետություն-բուհ–աշխատաշուկա կապ, այդ թվում՝ պետության պատվիրած աշխատատեղերով։
- Կձևավորենք բուհական 3 խոշոր կենտրոն՝ հյուսիսում, հարավում և Երևանում։
- Կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ տրամադրելով մինչև 0% վարկ, մեկնարկային ֆինանսավորում, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ հողամաս կամ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև զինծառայությունից տարկետում։
- Խրախուսելու ենք ուսուցչի մասնագիտական զարգացումը․ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ոչ մի ուսուցիչ աշխատանքը չի կորցնի։
- Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը կլինի անվճար, իսկ մասնավոր բուհերում կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։
- ՀՀ քաղաքացիների համար Հայաստանի ամբողջ տարածքում կապահովենք համընդհանուր անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ ծառայությունների համապարփակ փաթեթով։
- Պետական առողջապահական հաստատություններում աշխատող բժիշկների համար կներդրվեն որակյալ, շարունակական վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր։
- Կներդրվի բուժաշխատողների և մանկավարժների վարձատրության նոր համակարգ. հաշվի կառնվեն աշխատանքի վայրը (հատկապես՝ մարզերում), ռիսկայնությունը, ծանրաբեռնվածությունը և այլն։
- Բուժաշխատողներն ու ուսուցիչներն այլևս չեն ներգրավվի վարչարարական աշխատանքներում․ բժիշկը պետք է բուժի, ուսուցիչը՝ սովորեցնի։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է՝ ԲԵՐԵԼՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- Կստեղծենք սահմանադրական հանրապետություն՝ իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների իրական համակարգով։
- Հանրապետության նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ և օժտված լինի ընդլայնված լիազորություններով։
- Քվեաթերթիկում կվերականգնենք «բոլորին դեմ» ընտրության հնարավորությունը և կնվազեցնենք Ազգային ժողով կուսակցությունների անցողիկության շեմը՝ այդպես վերացնելով ընտրողների ձայների փոշիացման անարդար համակարգը։
- Բացառելով քաղաքական ճնշումները՝ կապահովենք դատական իշխանության իրական անկախություն և իրավապահ մարմինների ծառայողների արժանապատիվ աշխատանքը։
- Կավելացնենք դատավորների և աշխատակազմերի թվաքանակը՝ կրճատելով գործերի քննության ժամկետները մինչև 50%։
- Կապահովենք անվճար ու հասանելի իրավաբանական օգնություն՝ ուժեղացնելով հանրային պաշտպանի ինստիտուտը։ (Գ)





























