Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացրել է Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ընթացքը։ Փաշինյանը նշել է, որ․ «ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը»։ Փաշինյանը նաև նշել է, որ այս փոփոխության նպատակն է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելը։ Իր հերթին Սարգսյանն էլ հավելել է, որ սա գործողությունները ավարտին հասցնելու ուղիղ պահանջ է։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ նոր համակարգը քաղաքացիների համար հասանելի կլինի 2026 թվականի աշնանից։ Միաժամանակ, հրապարակված տեղեկություններից և ներկայացված դիզայնային մոտեցումներից պարզ է դառնում, որ նոր անձնագրերի արտաքին տեսքը լինելու է կարմիր գունավորմամբ։
Հարցը հետքրքրական է դառնում հատկապես այն համատեքստում, որ աշխարհի տարբեր երկրներում անձնագրերի գույները հաճախ դիտարկվում են ոչ միայն տեխնիկական, այլ նաև քաղաքական, տնտեսական կամ տարածաշրջանային նշանակության տեսանկյունից։
Սա հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք սա պարզապես տեխնիկական կամ գեղագիտական ընտրություն է, թե ունի նաև միջազգային քաղաքական կամ ինտեգրացիոն ենթատեքստ։
Ի՞նչ են նշանակում անձնագրերի գույները աշխարհում
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անձնագրերի գույները միասնական կանոններով չեն կարգավորվում։ Ինչպես նշվում է միջազգային աղբյուրներում, յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր անձնագրի գույնը՝ հիմք ընդունելով քաղաքական, պատմական, կրոնական կամ տարածաշրջանային գործոններ։
Ընդհանուր առմամբ աշխարհում առավել տարածված են չորս հիմնական գույներ՝ կապույտ, կարմիր/մուգ կարմիր, կանաչ և սև։ Սակայն կարևոր է ընդգծել, որ այս բաժանումը ոչ թե իրավական, այլ սովորաբար կիրառվող դասակարգում է։
Կապույտ անձնագրերը հաճախ կապվում են «Նոր աշխարհի» երկրների հետ՝ օրինակ ԱՄՆ, Կանադա և մի շարք լատինամերիկյան ու կարիբյան երկրներ։ Այս գույնը երբեմն նաև խորհրդանշում է ծովային աշխարհագրություն և տնտեսական միավորումներ։
Կանաչ անձնագրերը լայն տարածում ունեն իսլամական աշխարհում՝ կապված կրոնական ավանդույթների հետ, օրինակ՝ Սաուդյան Արաբիա, Պակիստան, Եգիպտոս։ Սակայն կան նաև ոչ կրոնական օրինակներ, ինչպես Մեքսիկան կամ Վատիկանը։
Սև անձնագրերը համարվում են ամենահազվադեպը և օգտագործվում են միայն մի քանի երկրներում, օրինակ՝ Նոր Զելանդիա կամ որոշ աֆրիկյան պետություններ, որտեղ այն դիտարկվում է որպես ազգային ինքնության և պրակտիկ դիմացկունության խորհրդանիշ։
Կարմիր գույնը՝ քաղաքական և տնտեսական ենթատեքստերում
Կարմիր և մուգ կարմիր գույնի անձնագրերը աշխարհում ամենատարածվածներից են։ Դրանք հատկապես բնորոշ են եվրոպական երկրներին։ Եվրոպական միության գրեթե բոլոր անդամ պետությունները օգտագործում են մուգ կարմիր երանգ, ինչը համարվում է քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի խորհրդանիշ։ Միևնույն ժամանակ, Միացյալ Թագավորությունը Brexit-ից հետո իր անձնագիրը փոխեց մուգ կարմիր գույնից կապույտի՝ ընդգծելով ԵՄ-ից դուրս գալու հանգամանքը։
Կարմիր գույնի անձնագիր ունի նաև Շվեյցարիան, որտեղ այն համընկնում է պետական դրոշի գույնի հետ։ Իսկ Թուրքիան, որը երկար տարիներ դիտարկվում է որպես ԵՄ անդամակցության հավակնորդ երկիր, նույնպես անցում է կատարել կարմիր գույնի անձնագրի։
Միևնույն ժամանակ, հատկանշական է նաև մեր հարևանՎրաստանի օրինակը, որտեղ ևս կիրառվում է մուգ կարմիր անձնագիր, ինչը հաճախ դիտարկվում է որպես եվրոպական ինտեգրացիոն գործընթացների արտաքին խորհրդանշական տարր։
Հայաստանի դեպքում նոր անձնագրի կարմիր գույնը առաջ է բերել քննարկումներ՝ արդյոք այն կարող է դիտարկվել որպես քաղաքական ուղղության կամ միջազգային ինտեգրման ազդակ։ Արփինե Սարգսյանը գույնի փոփոխությունը հիմնավորում է այն փաստով, որ ԵՄ երկրները հիմնականում օգտագործում են հենց կարմիր գույնը, որը ըստ նախարարի բնութագրմամբ հետաքրքիր ժեստ է ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար։
Սակայն այստեղ կարելի է նշել, որ ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) մոտեցմամբ՝ անձնագրի գույնը որևէ ազդեցություն չունի վիզային ազատականացման կամ ճանապարհորդական հնարավորությունների վրա։
Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ անձնագրի գույնը հիմնականում խորհրդանշական է և չի ազդում քաղաքացիների շարժունակության վրա։ Այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններում այն հաճախ ընկալվում է որպես քաղաքական կամ ինտեգրացիոն ազդանշան։
Հայաստանի դեպքում նոր անձնագրերի կարմիր դիզայնը կարող է դիտվել որպես եվրոպական ստանդարտներին մոտեցման տեխնիկական և խորհրդանշական քայլ, սակայն վերջնական գնահատականը կախված է ոչ թե գույնից, այլ իրական վիզային ռեժիմներից և միջազգային համաձայնագրերից։
Անի Վարդանյան





























