Արմեն Երիցյանը` Արթուր Բաղդասարյանի հետ իր հարաբերությունների և նոր կառավարության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից armlur.am-ը հետաքրքրվեց` ապրիլի 16-ից հետո, երբ պարզ դարձավ, որ ՕԵԿ-ը կոալիցիայի կազմում չի լինելու, ՕԵԿ նախարարներն էլ կուսակցությունում չեն լինելու, նա դրանից հետո հանդիպել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ:

-Ո՛չ, հանդիպում չի եղել, բայց  Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո Արթուր Բաղդասարյանը զանգահարել և շնորհավորել է ինձ:

 -Դուք արդեն  ՕԵԿ անդամ չեք: Այսուհետ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր և Արթուր Բաղդասարյանի  հարաբերությունները: Առաջվա ջերմությունն ու մտերմությունն կպահպանվի՞:

-Մենք Բաղդասարյանի հետ երկար տարիներ ընկերություն ենք արել, ընկերներ ենք ու կմնանք ընկերներ: Ինչ վերաբերում է քաղաքական հայացքներին, դրանք տարբեր կլինեն, բայց ընկերությունը մնում է ընկերություն: Մեր երկիրը շատ փոքր է, չկա մի կուսակցություն կամ ընկերություն, որտեղ ընկեր չունենաս: Մենք անգամ ընտանիքներով ենք մտերիմ:

-Արթուր Բաղդասարյանի կողմից սառնություն չե՞ք նկատում: Դուք իր հետ ջերմ եք, իսկ նա՞:

-Ինքն էլ է ջերմ: Մենք  բաժանվել ենք նորմալ: Ես  ասել եմ` չեմ պատկերացնում ինձ ընդդիմության կազմում:

-Պարո՛ն Երիցյան, Դուք վերանշանակվեցիք ԱԻ նախարարի պաշտոնում, բայց  զուգահեռ եղան փոփոխություններ կառավարության կազմում: Հիմնական որակումը նորանշանակ պաշտոնյաներին, հետևյալն է` իշխանությունը մնացել  է Քոչարյանի կադրերի հույսին, որոնց միջոցով էլ կփորձի դուրս բերել երկիրն այս ծանր վիճակից: 

-Գիտեք, եկե՛ք կառավարությունը չկապենք անձերի հետ: Եթե այդպես մտածենք, յուրաքանչյուրի մասին կարելի է ասել`  սա սրա կադրն է, նա՝ նրա: Յուրաքանչյուր անձ, որը նշանակվել է, կարծում եմ` կկարողանա իր առջև դրված խնդիրները լուծել ու ծառայել իր ազգին:

Սոնա Դավթյան

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս