Armenian text to speach

Եվրոպացի առաջնորդները հավաքվում են Հայաստանում, մինչ Ռուսաստանը հետևում է․ BBC-ի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային մամուլը լայնորեն արձագանքում է Հայաստանում անցկացվող բարձր մակարդակի եվրոպական գագաթնաժողովներին՝ դրանք դիտարկելով որպես երկրի արտաքին քաղաքականության շրջադարձային փուլ։

Մասնավորապես, BBC-ն իր անդրադարձում ընդգծում է, որ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) և ԵՄ–Հայաստան երկկողմ գագաթնաժողովները «աննախադեպ» են՝ հաշվի առնելով, որ Հայաստանը երկար տարիներ համարվել է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը Հարավային Կովկասում։

Ըստ BBC-ի՝ այն փաստը, որ ավելի քան 30 եվրոպական երկրների ղեկավարներ և Կանադայի վարչապետը ժամանել են Երևան, ունի հսկայական քաղաքական ու խորհրդանշական նշանակություն փոքր, սակայն ռազմավարական դիրք ունեցող Հայաստանի համար։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հայաստանը շարունակում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը և իր տարածքում ունի ռուսական ռազմաբազա, ինչը ավելի ընդգծում է ներկայիս զարգացումների հակասական բնույթը։

BBC-ի վերլուծությամբ՝ շրջադարձային պահը եղել է 2023 թվականի պատերազմը Ադրբեջանի հետ, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Ռուսաստանը, չնայած խաղաղապահների ներկայությանը, չի միջամտել։ Սա, ըստ աղբյուրի, լուրջ հիասթափություն է առաջացրել Հայաստանում և ստիպել վերանայել անվտանգության համակարգը։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ Եվրոպական միության դերակատարությունը աստիճանաբար աճել է՝ սահմանային դիտորդական առաքելության տեղակայումից մինչև քաղաքական միջնորդություն։ Այդ ֆոնին Հայաստանում աճել է ԵՄ-ի հետ մերձեցման հասարակական պահանջը, ինչի արդյունք է նաև ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը 2025 թվականին։

Միևնույն ժամանակ, BBC-ն ընդգծում է, որ այս գործընթացը բարդ հետևանքներ ունի։ Ադրբեջանը սառեցրել է հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ, իսկ Ռուսաստանը բացահայտ դժգոհություն է հայտնում Երևանի արևմտյան ուղղության ակտիվացումից։ Նշվում է նաև, որ Մոսկվան հիշեցնում է՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ Եվրամիության մաքսային համակարգերի մաս։

BBC-ի դիտարկմամբ՝ Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների խորացումը ուղեկցվում է նաև հիբրիդային ճնշումներով՝ տնտեսական սահմանափակումներից մինչև կիբերհարձակումներ և ապատեղեկատվական արշավներ։

Վերջում լրատվամիջոցը եզրափակում է, որ թեև եվրոպական առաջնորդները Երևան են ժամանել խոստումներով՝ վիզային ռեժիմի դյուրացում, քաղաքացիական առաքելությունների ընդլայնում, սակայն դեռևս չկա հստակ ճանապարհային քարտեզ՝ ԵՄ անդամակցության, անվտանգության երաշխիքների կամ ռուսական էներգակիրներին փոխարինման ուղղությամբ։ Այդ պատճառով Հայաստանի «բալանսավորման քաղաքականությունը» Ռուսաստանի և Արևմուտքի միջև շարունակում է մնալ անորոշ և զգայուն։

Անի Վարդանյան




Լրահոս