Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է ստուգել Թալինի քաղաքապետի գործողությունները. օպերատիվ գործընթաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է ստուգումները Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի գործողությունների մասով։ Նախաքննական մարմինը փաստաթղթեր է ուսումնասիրում և օպերատիվ աշխատանքներ իրականացնում։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոննիսյանը հայտնել էր, որ. «Երկու օր տևած քննարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» դաշինքում որոշեցինք, որ Թալին համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի կողմից սոցիալական օգնության բաժանումը, մեր գնահատմամբ, խախտում է ՏԻՄ օրենքի վերաբերելի կարգավորումները և առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով։

Մասնավորապես, ՏԻՄ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ համայնքապետարանի կողմից, որպես սոցիալական աջակցություն, չի կարող դրամական (հենց գումարի տեսքով) օգնություն տրվել։ Իսկ ՔՕ 221-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կուսակցության անդամի կողմից կամ նրա անունից այս փուլում գումար բաժանելն արգելված է։

Ըստ էության, Թալինի համայնքապետի որոշումները չեն բխում իր ինստիտուցիոնալ գործունեությունից, քանի որ առերևույթ խախտում են ՏԻՄ օրենքով նշված արգելքը, հետևապես, մեր գնահատմամբ, պետք է դիտարկվեն ՔՕ 221-րդ հոդվածի կոնտեքստում։

Շուտով հանցագործության մասին հաղորդումը կուղարկվի իրավապահներին»։

Խնդրո առարկա հոդված 221-ը հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելն է, որի առաջին կետով՝

  1. Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

Այսինքն՝ Տավրոս Սափեյանին սպառնում է ընդհուպ ազատությունից զրկում, եթե, իհարկե, Հակակոռուպցիոն կոմիտեն անկողմնակալություն և պրոֆեսիոնալիզմ ցուցաբերի, այլ ոչ թե առաջնորդվի քաղաքական նպատակահարմարությամբ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս