«Ժողովուրդ»-ը հայտնել է, որ նախաքննության ավարտ է հայտարարվել ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի Մարիամ Իսպիրյանի, նրա որդու՝ «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի տնօրեն Սմբատ Լպուտյանի դեմ հարուցված քրեական գործով։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը գտնվում է դատարանում և այն մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։
Մարիամ Մկրտիչի Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի հունվարի 4-ից զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը, հանդիսանալով համալսարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրա անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի թիվս այլնի, լիազորված լինելով իրականացնելու համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս ծառայողական շահերի, այն է՝ ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնելու ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի անմիջական ղեկավարումը, ունենալով իր իրավասության տակ գտնվող ոլորտի աշխատանքները համակարգելու պարտականություն և կրելու իր գործունեության իրականացման արդյունքում իր իրավասության ոլորտների բնականոն գործունեության և տեղեկատվության ամբողջականության ու ճշգրտության համար, տեղեկացված լինելով 2022 թվականի հունվարի 14-ին իր որդու՝ Արմեն Սամվելի Ավետիսյանի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկում որպես մասնագետ աշխատանքի ընդունվելու, սակայն աշխատանքի չհաճախելու և աշխատավարձ ստանալու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչ արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5,336,916 ՀՀ դրամ գույքային վնաս։

























