Armenian text to speach

Ընդդիմադիրից՝ անկախ. Գեղամ Նազարյանի ունեցվածքը, քաղաքական շրջադարձն ու որդու բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի երբեմնի ընդդիմադիր պատգամավոր, այսօր արդեն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի 2025 թվականի հայտարարագիրը ոչ միայն թվերի ու գույքի ցանկ է, այլև քաղաքական կերպարանափոխության ֆոնին ձևավորված ֆինանսական պատկերի արտացոլում։

2021 թվականին «Հայաստան» դաշինքի ցուցակով խորհրդարան մտած, իշխանություններին ամենակոշտ քննադատություններից հնչեցնող պատգամավորներից մեկը՝ Գեղամ Նազարյանը, այսօր այլևս ընդդիմադիր դաշտի լիարժեք ներկայացուցիչ չի համարվում։ Նրա քաղաքական դիրքավորման փոփոխությունը հատկապես ընդգծվեց այն բանից հետո, երբ հրապարակայնորեն հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ գոյություն չունի։ Այդ հայտարարությունը ժամանակին պայթեցրեց ընդդիմադիր ճամբարը, իսկ «Հայաստան» խմբակցությունում շտապեցին հայտարարել՝ Նազարյանի խոսքերը խմբակցության տեսակետը չեն արտահայտում։ Արդյունքում նա հեռացավ խմբակցությունից ու դարձավ անկախ պատգամավոր։

Այս քաղաքական շրջադարձին զուգահեռ հետաքրքիր է նաև նրա ֆինանսական ու գույքային պատկերը։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Նազարյանը Երևանում համատեղ սեփականությամբ բնակարան ունի, որը ձեռք է բերել 2023 թվականին։ Բացի այդ, պատգամավորին է պատկանում Էրեբունի վարչական շրջանում գտնվող բնակարանի 2/3 բաժնեմասը, որը ստացել է ժառանգությամբ։ Տավուշի մարզի Կիրանց համայնքում էլ նա ժառանգաբար ստացել է անհատական բնակելի տուն։

Հաշվետու տարվա ընթացքում Իջևանում գտնվող անշարժ գույքը օտարվել է նվիրատվության միջոցով։

Ֆինանսական միջոցների մասով պատկերը բավականին ուշագրավ է։ Անկախ պատգամավորի բանկային հաշիվներին հաշվետու տարվա վերջում եղել է ընդամենը 1 միլիոն 350 հազար դրամ, մինչդեռ կանխիկ միջոցները կազմել են 3 միլիոն 400 հազար դրամ և 51 հազար դոլար։ Փաստացի, Նազարյանը նախընտրում է զգալի գումար պահել կանխիկ տարբերակով։
Պատգամավորը հայտարարագրել է նաև 2010 թվականի արտադրության SUZUKI մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին՝ պատգամավոր ընտրվելու տարում։

Տարեկան եկամուտները կազմել են 16 միլիոն 160 հազար 565 դրամ։ Դրանց ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 13,5 միլիոն դրամը, ստացվել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների տեսքով։ Եվս 2,5 միլիոն դրամ էլ նա ստացել է եկամտային հարկի վերադարձի շրջանակում։ Միաժամանակ, միայն վարկերի մարմանը ուղղվել է ավելի քան 4,3 միլիոն դրամ։

Սակայն հայտարարագրի ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է ընտանեկան բիզնես կապերին։ Պարզվում է՝ պատգամավորի որդին հանդիսանում է «ՆԵՈՊՐԵՍՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն ու տնօրենը։Ըկերությունը Top-news.am լրատվական կայքի պատասխանատու կազմակերպությունն է:

Այսպիսով, նախկին ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարագիրը ցույց է տալիս ոչ միայն նրա ունեցվածքի ծավալն ու դրամական միջոցները, այլ նաև քաղաքական վերադասավորումների ֆոնին ձևավորված նոր իրականությունը։ Մինչ նախկին թիմակիցները շարունակում են իշխանափոխության օրակարգ առաջ տանել, Նազարյանը, կարծես, ընտրել է առավել «չեզոք» քաղաքական ուղի՝ զուգահեռաբար պահպանելով կայուն եկամուտներ, անշարժ գույք և ընտանեկան բիզնես շահեր։

Սոնա Գրիգորյան




Լրահոս