Armenian text to speach

Քարոզչական պաստառների խախտումներ ամեն քայլափոխի․ արձանագրված դեպքերով առաջատարը ՔՊ-ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քարոզչական պաստառների խախտումներ ամեն քայլափոխի․ արձանագրված դեպքերով առաջատարը ՔՊ-ն է։

Նախընտրական քարոզչությունը Երևանում արդեն ակտիվ փուլ է մտել։ Տարբեր քաղաքական ուժերի պաստառներ կարելի է տեսնել գրեթե ամեն քայլափոխի՝ սյուներին, կանգառներին, էլեկտրատուփերին, բազմաբնակարան շենքերի վրա և այլ հանրային վայրերում։

Որոշ դեպքերում նույնիսկ դժվար է հասկանալ՝ որտեղ է ավարտվում քաղաքային միջավայրը և սկսվում քարոզարշավը։ Քաղաքի տարբեր հատվածներում նույն սյան վրա կարելի է տեսնել միանգամից մի քանի քաղաքական ուժերի պաստառներ։

Մինչդեռ ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ հանրության համար տեսանելի քարոզչական պաստառներ և այլ նյութեր կարող են փակցվել միայն հատուկ առանձնացված վայրերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա, ինչպես նաև ֆիզիկական անձանց համաձայնությամբ՝ նրանց պատկանող տարածքներում։ Օրենքը միաժամանակ արգելում է քարոզչական նյութերի փակցումը պետական և համայնքային շենքերի, բազմաբնակարան շենքերի, հասարակական տրանսպորտի և մի շարք այլ վայրերի վրա։

ArmLur.am-ը արձանագրել է մի շարք խախտումներ։

Դավթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղու և Տիգրան Պետրոսյան փողոցի հատվածում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառ է փակցված շինարարական աշխատանքներ իրականացնող շենքի վրա։

Գյումրու Մուշ թաղամասում նույն կուսակցության պաստառները տեղադրված են կանգառների և սյուների վրա։

Հարավարևմտյան թաղամասում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, ՔՊ պաստառներ կան բազմաբնակարան շենքերի և խանութների վրա։

 

Նոր Նորք 5-րդ զանգվածում՝ Արտեմ Միկոյան 15 հասցեի հատվածում, կանգառների վրա փակցված են միանգամից մի քանի քաղաքական ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների քարոզչական նյութերը։

Րաֆֆու փողոցում «Հայաստանի Շնորհապետական կուսակցության» պաստառները տեղադրված են էլեկտրատուփերի վրա, իսկ «Հայաստան» դաշինքի պաստառները՝ սյուների վրա։

Բազմաբնակարան շենքերի վրա քարոզչական նյութեր են արձանագրվել նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դեպքում։

Մենք փորձեցինք հասկանալ՝ որ կառույցն է պարտավոր վերահսկել այս գործընթացը, արձանագրել խախտումները և ինչ պատասխանատվություն է նախատեսված նման դեպքերում։

ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման դեպքերում քաղաքացիները պետք է լուսանկարեն խախտումները և ուղարկեն հանձնաժողովին։ Նրա խոսքով՝ եթե պաստառը տեղադրված է չնախատեսված վայրում, ԿԸՀ-ն արագ կապ է հաստատում համայնքապետարանների հետ, որպեսզի այն ապամոնտաժվի։ Նրա խոսքով՝ հիմնական նպատակը խնդիրը հնարավորինս արագ լուծելն է, որպեսզի հարցը տուգանքների չհասնի։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանն էլ ասաց, որ եթե խախտումը նկատում է ԿԸՀ-ն, այդ մասին տեղեկացնում է քաղաքապետարանին, որն էլ իրականացնում է ապամոնտաժումը։ Նրա խոսքով՝ եթե խախտումը նկատում է հենց քաղաքապետարանը, պաստառները հեռացվում են տեղում։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, արդյոք նրանք տեղյակ են արձանագրված խախտումներից և վերահսկո՞ւմ են իրենց քարոզչական թիմերի աշխատանքը։

Մեզ հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ խախտում անելը լավ բան չէ, սակայն հավելեց․ «իշխանությունները ամեն տեղ իրականացնում են վարչական ռեսուրսի տոտալ կիրառում»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն էլ պարզաբանեց, որ բազմաբնակարան շենքերի դեպքում թույլատրելի է, եթե քաղաքացին իր անձնական տարածքում, օրինակ՝ պատուհանի վրա, փակցնում է քարոզչական նյութ, սակայն մուտքերում կամ ընդհանուր օգտագործման հատվածներում դա արգելվում է։ Նրա խոսքով՝ հաճախ քաղաքացիներն ինքնուրույն են տպում և փակցնում պաստառներ, իսկ կուսակցությունը փորձում է կանխել նման ինքնագործունեությունը։ Մելոյանը նաև նշեց, որ իրենց քաղաքական ուժը սկզբից փորձել է պահպանել օրենքով սահմանված կարգը՝ անկախ նրանից, թե մյուսներն ինչ խախտումներ են թույլ տվել։

«Հայաստանի Շնորհապետական կուսակցության» վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց քաղաքական ուժն ունի ներքին կանոն, համաձայն որի՝ քարոզչական նյութերը պետք է փակցվեն միայն օրենքով թույլատրելի վայրերում։ Նրա խոսքով՝ արձանագրված որոշ դեպքեր նույնիսկ կարող են լինել հակաքարոզչության դրսևորում։

Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Թեև քաղաքական ուժերը հաճախ խոսում են օրենքի գերակայությունից, նախընտրական քարոզչության առաջին օրերն արդեն ցույց են տալիս, որ հենց քարոզչական դաշտում բազմաթիվ հարցեր կան։

Իսկ մինչ պատասխանատու կառույցները շարունակում են հիմնականում ապամոնտաժումների մասին խոսել՝ առանց հստակ վերահսկողական գործողությունների, քաղաքի հանրային տարածքները շարունակում են լցվել քաղաքական պաստառներով։

Տպավորություն է, թե քաղաքական ուժերը մրցում են ոչ միայն ընտրողների ձայների, այլ նաև այն հարցում, թե ով ավելի շատ պաստառ կհասցնի փակցնել՝ անկախ օրենքի սահմանափակումներից։

ArmLur.am-ի արձանագրած քարոզչական պաստառների խախտումների հաշվարկով առաջատարն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։

Իրինա Ատանյան




Լրահոս