ՀՀ N զորամասի 20-ամյա ժամկետային զինծառայող Սուրեն Ադամյանը նույն զորամասի կրտսեր սերժանտ, իր փաստացի պետ Գագիկ Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու և սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելու հետևանքով հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Տեղեկացնենք, որ Ադամյանը հանդիսանում է ՀՀ Զինված Ուժերի կոչումով շարքային, երգի-պարի համույթի ժամկետային զինծառայող է:
Վիճաբանության համար առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Գ.Մարտիրոսյանը հրամանատարին զեկուցել է, որ ազատ արձակման դուրս եկած զինծառայողները ուշ են վերադարձել զորամաս: 20-ամյա զինծառայող Ադամյանը Մարտիրոսյանի արարքը որակել է` որպես անբարոյականություն և սկսել է վերջինիս հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, ապա բռնություն է գործադրել. նախ բռունցքով մեկ անգամ հարվածել է Գ.Մարտիրոսյանի ձախ աչքին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս, ապա ձեռքով մի քանի հարված հասցրել նրա գլխի հետևի հատվածին։
Ադամյանի մասով քրեական գործն այս պահին գտնվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում: Ադամյանի շահերը պաշտպանում է հանրային պաշտպան Աննա Ջուվանովան:
Տեղեկացնենք նաև, որ զինծառայողների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել համույթի պետի աշխատասենյակում:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3 մասի 3 կետով, ինչի չափանիշների համաձայն` վերոնշյալ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից տասներկու տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել կարգազանց զինվորին հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Տաթև Հարությունյան