ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԴԱՌՆԱՐ 32 ՏԱՐԵԿԱՆ
Այսօր 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի ծննդյան օրն է: Եթե չլիներ այդ արյունահեղությունը, Գոռը 32 տարեկան կդառնար: Նրա հարազատները եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր կգնան գերեզմաններ` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

ՀԱՇՏՎԵՑԻՆ
«Արմավիա» ընկերությունն ու «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում  պայմանավորվել են հաշտություն կնքելու մասին:  

ՆԵՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ
Ռոբերտ Քոչարյանի պատիվը եւ արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման պահանջի մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ նշանակված նախնական դատական նիստն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի չի կայացել, քանի որ  պատասխանող կողմը ներկա չի եղել նիստին:

ՃՆՇՄԱՆ ՓՈՐՁ

Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին երեկ իր տնից երկու ոստիկաններ տարել են Քաջարանի միլպետի մոտ, ապա Կապանի ոստիկանություն: Քաջարանցիները մտավախություն ունեն, որ սա ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Ըստ երեւույթին` գյուղացիների ճնշման ներքո 19:00-ի սահմաններում գյուղապետին ազատ են արձակել: Hetq.am-ի տեղեկացմամբ` արդեն մի քանի ամիս է` Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը   եւ  հրաժարվում է ստորագրել հողերի  հանձնման  փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում  է  նշանակում:

ՆԻՍՏ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որտեղ ամփոփվել է քաղաքական տարին, քննարկվել են քաղխորհրդի գործունեության առաջիկա ծրագրերը: Նաեւ` ՀԱԿ պետաիրավական հարցերի հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Կոնգրեսի` «Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ» ծրագրի նախագիծը: Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, ով ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ այցելել առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով:

ԵՎՐՈՊԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Եվրախորհրդարանը երեկ  ընդունել է մի բանաձեւ, որով կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին նոր, ազատ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Բանաձեւի համաձայն` նոր ընտրություններին պետք է գրանցվելու հնարավորություն ընձեռվի նաեւ ընդդիմադիր կուսակցություններին: Կոչ է արվում քննել ընտրախախտումների մասին բոլոր հայտարարությունները: Եվրապատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանն այս խնդիրը բարձրացնել դեկտեմբերի 14-15-ին կայանալիք ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովի ընթացքում: Ի պատասխան` Կրեմլը հայտարարել է, թե ԵՄ-ն ավելի լավ կանի` եվրոյի ճգնաժամը լուծի:




Լրահոս