Armenian text to speach

Ո՞վ է Ղազինյանին կալանքի տարած դատավոր Սարգիս Դադոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ որոշում է կայացվել երկու ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը։

ArmLur.am-ը փորձել է պարզել, թե ո՞վ է Դավիթ Ղազինյանի կալանավորման որոշումը կայացրած դատավոր Դադոյանը  և ի՞նչ գույք ու եկամուտներ է նա հայտարարագրել վերջին տարիներին։

Սարգիս Դադոյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։  2011 թվականին ավարտել է  Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015 թվականին՝ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2013 թվականին՝ որպես քննիչ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում։ Այնուհետև աշխատել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ որպես քննիչ և ավագ քննիչ, իսկ 2019-2022 թվականներին՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում որպես ավագ քննիչ։ 2022 թվականի օգոստոսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Հայտարարագրի համաձայն՝ դատավոր Սարգիս Դադոյանը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ունի չորս անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականություն։ Մասնավորապես, նա 1/7 բաժնեմասով սեփականատեր է երեք հողամասերի և մեկ անհատական բնակելի տան, որը կառուցված է հողամասի վրա և ներառում է նաև տնտեսական շինություններ։ Բոլոր գույքերը ձեռք են բերվել 2020 թվականի մայիսի 17-ին՝ նվիրատվության եղանակով։

2021 թվականին, երբ Դադոյանը դեռ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ էր, հայտարարագրել էր 554 հազար դրամ կանխիկ միջոց, ավելի քան 7,1 մլն դրամ աշխատավարձ և շուրջ 2,4 մլն դրամ վարկային պարտավորություններ։ Սեփական ավտոմեքենա չէր ունեցել, սակայն փաստացի օգտագործել էր 2014 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։

2022 թվականին, արդեն դատավոր նշանակվելու տարում, նրա կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ, տարեկան եկամուտը՝ 7 մլն 70 հազար դրամ, իսկ վարկային պարտավորությունների մնացորդը՝ 525 հազար դրամ։ Այդ տարի ևս նոր գույք կամ ֆինանսական ակտիվներ չեն հայտարարագրվել։

2023 թվականին դատավորի եկամուտները կտրուկ աճել են՝ կազմելով 16 մլն 220 հազար դրամ։ Կանխիկ միջոցները հասել են 1,4 մլն դրամի, սակայն միաժամանակ նա հայտարարագրել է ավելի քան 23,2 մլն դրամ հիփոթեքային պարտավորություն։ Նույն տարում ևս շարունակել է օգտագործել Toyota մակնիշի ավտոմեքենան։

2024 թվականին Դադոյանի տարեկան եկամուտը կազմել է 15 մլն 345 հազար դրամ։ Տարվա ավարտին բանկային հաշիվներում ունեցել է ավելի քան 404 հազար դրամ, կանխիկ միջոցները կազմել են 950 հազար դրամ։ Միևնույն ժամանակ նրա վարկային և փոխառության պարտավորությունները հասել են 23,5 մլն դրամի։ Հետաքրքրական է, որ հենց այս շրջանում նա փաստացի օգտագործել է նաև Երևանում գտնվող բնակարան, որը չի հանդիսացել իր սեփականությունը։

Ամենաթարմ՝ 2025 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս, որ դատավորի ֆինանսական ակտիվներն ու շրջանառվող միջոցները զգալիորեն ավելացել են։ Նա «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին տրամադրել է տասնյակ միլիոնավոր դրամների փոխառություններ։ Տարվա ավարտի դրությամբ այդ ընկերությանը տրված փոխառության մնացորդը կազմել է 22 մլն 442 հազար դրամ։ Միևնույն ժամանակ Դադոյանի ընդհանուր եկամուտը 2025 թվականին հասել է 21 մլն 694 հազար դրամի, որից 14,4 մլն դրամը կազմել է աշխատավարձը, 3 մլն դրամը՝ նվիրատվությունը, ավելի քան 3 մլն դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։

Դատավորի բանկային հաշիվներում տարեվերջին առկա է եղել շուրջ 375 հազար դրամ, կանխիկ միջոցները կազմել են 150 հազար դրամ։ Սակայն հայտարարագրված պարտավորությունները շարունակում են մնալ խոշոր՝ ընդհանուր առմամբ գերազանցելով 27,5 մլն դրամը։

Այսպիսով, Դավիթ Ղազինյանի կալանավորման որոշումը կայացրած հակակոռուպցիոն դատավոր Սարգիս Դադոյանը վերջին տարիներին պահպանել է Գավառում գտնվող իր բաժնային անշարժ գույքը, սակայն եկամուտների և ֆինանսական գործարքների ծավալը զգալիորեն աճել է։ Եթե 2021 թվականին նրա տարեկան եկամուտը շուրջ 7 մլն դրամ էր, ապա 2025 թվականին այն արդեն գերազանցել է 21,6 մլն դրամը, իսկ փոխառությունների և պարտավորությունների ընդհանուր ծավալը հաշվվում է տասնյակ միլիոնավոր դրամներով։

Հիշեցնենք, որ Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստման համար, իսկ ԿԸՀ-ն համաձայնություն էր տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։

Ա․ Վարդանյան




Լրահոս