Հունիսի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի վերջին նիստը վերածվեց ծեծկռտուքի՝ հայտնվելով հանրային ուշադրության կենտրոնում։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունում համոզված են, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միտումնավոր է սրել իրավիճակը և բախումները տեղափոխել միջանցք, որտեղ լրագրողների ներկայությունը սահմանափակ էր։
Ընդդիմադիրների շրջանում մտավախություններ կան նաև, որ տեղի ունեցածը կարող է օգտագործվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամների նկատմամբ հետագա քայլեր ձեռնարկելու համար։ Նրանք հիշեցնում են ավագանու անդամ Սոնա Աղեկյանի մանդատից զրկվելու նախադեպը՝ նշելով, որ թիրախում են հատկապես իշխանություններին ակտիվորեն քննադատող և քաղաքային խնդիրները պարբերաբար բարձրաձայնող ավագանու անդամները։
Հատկանշական է, որ սա ավագանու 6-րդ նստաշրջանի վերջին նիստն էր։ Այդ հանգամանքը նոր մտահոգությունների տեղիք է տվել ընդդիմության շրջանում։ Մասնավորապես, շրջանառվում են տեսակետներ, թե իշխող ուժը կարող է արտահերթ նիստ հրավիրել և կարգապահական կամ այլ մեխանիզմներով փորձել մանդատներից զրկել «Մայր Հայաստան» խմբակցության առանձին անդամների կամ նույնիսկ ամբողջ խմբակցությանը։ Այդ դեպքում սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանը կարող է անցնել առանց ավագանու հիմնական ընդդիմադիր ուժի լիարժեք մասնակցության։
Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, արդյոք մինչև սեպտեմբեր նախատեսվում է արտահերթ նիստ հրավիրել և քննարկել «Մայր Հայաստան» խմբակցության անդամների մանդատների հարցը։
ArmLur.am-ի այս հարցին ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշել է.
«Եթե ավագանու բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ լինի կիրառել իրավական և քաղաքական գործիքակազմ, ապա այն կկիրառվի, ինչպես եղել է նախորդ դեպքերում։ Այս պահին նման որոշում չունենք»։
Գալջյանի խոսքով՝ իրավիճակը հրահրել են ընդդիմադիրները, որոնք չեն գրանցվել ելույթների համար, սակայն իրենց տեղերից խանգարել են ելույթներին և դրսևորել ոչ քաղաքակիրթ վարքագիծ։
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղաքապետարանը պատրաստվում է ծառայողական քննություն նշանակել։ Ի պատասխան՝ Գալջյանը նշեց, որ այդ մասին տեղեկություն չունի։
Հիշեցնենք, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիրները ՔՊ-ին մեղադրել են ընտրություններում ձայներ գողանալու մեջ։ Ի պատասխան՝ նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ «Մայր Հայաստան» խմբակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Դրան հաջորդել են փոխադարձ մեղադրանքները, Գևորգ Ստեփանյանի հեռացումը նիստերի դահլիճից, իսկ ավելի ուշ ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը շիշ է նետել ընդդիմադիր ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ, ինչից հետո բանավեճը վերածվել է ֆիզիկական բախման։
«Մայր Հայաստան» խմբակցությունում համոզված են, որ տեղի ունեցածը պատահական չէր։ Նրանց պնդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նպատակային կերպով սրել է իրավիճակը, որպեսզի նիստը վերածվի ծեծկռտուքի։ Ավելին, ընդդիմադիրների կարծիքով, իշխանական խմբակցության ներկայացուցիչները միտումնավոր են բախումները տեղափոխել նիստերի դահլիճից դուրս՝ միջանցք, որտեղ ներկա էին ընդամենը երկու լրատվամիջոցի ներկայացուցիչներ։
Ընդդիմության գնահատմամբ՝ նիստերի դահլիճում տեղադրված տեսախցիկները հնարավորություն ունեին տարբեր անկյուններից ամբողջությամբ ֆիքսել տեղի ունեցածը, մինչդեռ միջանցքում նման վերահսկողություն չի եղել։ Նրանք նաև պնդում են, որ իշխանական խմբակցության անդամները նախապես տեղեկացված են եղել լրագրողների սահմանափակ ներկայության մասին։
Ընդդիմադիր ավագանու անդամների համոզմամբ՝ տեղի ունեցածը կարող է կապված լինել նաև այն հանգամանքի հետ, որ համապետական ընտրություններում «Մայր Հայաստան» շարժումը միացավ և աջակցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























