ArmLur.am-ի տեսախցիկը Ծաղկաձորում արձանագրել է մի պատկեր, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում իրավապահների գործողությունների համաչափության վերաբերյալ։
Տուրիստական քաղաքի ճոպանուղու հարակից տարածքում գտնվող մի շարք շինությունների, հանգստի և սպասարկման օբյեկտների մուտքերը փակ են, դռներին՝ Քննչական կոմիտեի կապարակնիքները։

ArmLur.am-ի լուսանկարներից երևում է, որ կապարակնքված են ոչ միայն մեկ առանձին շինության դռներ. փակված են տարածքում գտնվող տարբեր մասնաշենքերի և քոթեջների մուտքեր։ Այս ամենը տեղի է ունենում ամառային զբոսաշրջային սեզոնի ակտիվ շրջանում, երբ Ծաղկաձորը պետք է աշխատի ամբողջ հզորությամբ և ընդունի հանգստացողների։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ սկսված քրեական գործընթացների շրջանակում իրավապահները լայնածավալ գործողություններ են իրականացրել նրա հետ կապվող տարածքներում։ Սակայն քրեական վարույթի առկայությունն ինքնին չի վերացնում մեկ այլ հիմնարար հարց՝ որտե՞ղ է ավարտվում քննության անհրաժեշտությունը և սկսվում տնտեսական գործունեության փաստացի կասեցումը։ Եթե Քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարել առանձին տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ, ապա հանրությանը պետք է պարզաբանվի՝ ինչո՞ւ է անհրաժեշտ եղել կապարակնքել այս ծավալի օբյեկտներ, և արդյոք հնարավոր չէր քննչական գործողություններն իրականացնել այնպիսի եղանակով, որ հնարավորինս չխաթարվեր դրանց բնականոն գործունեությունը։
Այստեղ խնդիրը վաղուց միայն Գագիկ Ծառուկյանը չէ։ Փակ յուրաքանչյուր օբյեկտ նշանակում է այնտեղ աշխատող մարդիկ՝ սպասարկող անձնակազմ, տեխնիկական աշխատողներ, մաքրություն իրականացնողներ և զբոսաշրջային ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Եթե նրանց աշխատավայրերը փաստացի անհասանելի են դարձել իրավապահների գործողությունների հետևանքով, ՔԿ-ն պետք է պատասխանի նաև՝ քանի՞ աշխատատեղի գործունեություն է այս պահին կասեցված և որքան ժամանակ է նախատեսվում պահպանել նման սահմանափակումը։
Առավել խնդրահարույց է, որ խոսքը Հայաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկի՝ Ծաղկաձորի մասին է։ Մարդիկ գալիս են այստեղ հանգստանալու, ամրագրում են կացարաններ, օգտվում զբոսաշրջային ենթակառուցվածքներից։ Իսկ հիմա ճոպանուղու հարակից հատվածում հանգստացողին դիմավորում են փակ դռներն ու իրավապահ մարմնի կապարակնիքները։ Ի վերջո, ո՞վ է կրելու տնտեսական հետևանքների պատասխանատվությունը, եթե ամիսներ անց պարզվի, որ այս ամբողջ ծավալով օբյեկտների փակման անհրաժեշտություն չի եղել։
Ո՞վ է փոխհատուցելու բիզնեսի կորցրած եկամուտը, աշխատակիցների չստացած աշխատավարձը, չեղարկված ամրագրումները և զբոսաշրջային քաղաքի հեղինակությանը հասցված վնասը։ Քննչական կոմիտեն պարտավոր է հրապարակային և առարկայական պարզաբանել՝ քանի օբյեկտ է կապարակնքվել, ինչ իրավական հիմքով, դրանցից յուրաքանչյուրի փակումը կոնկրետ ինչ քննչական անհրաժեշտությամբ է պայմանավորված, քանի աշխատողի գործունեության վրա է դա ազդել և մինչև երբ են օբյեկտները մնալու փակ։ Որովհետև քրեական արդարադատության նպատակը հանցագործության բացահայտումն է, ոչ թե քրեական վարույթի շուրջ գտնվող ամբողջ տնտեսական միջավայրի կաթվածահարումը։ ArmLur.am-ը Քննչական կոմիտեի պարզաբսնումը կներկայացնի ստանալուն պես:
























































































