Armenian text to speach

«Ուժեղ Հայաստան»-ում ևս սպասում են Էդգար Ղազարյանի «ներողությանը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի, իսկ ավելի ճիշտ՝ նրա հայտարարության շուրջ նոր սուր քննարկումներ են ծավալվել։

Խոսքը վերաբերում է դեռևս երկու տարի առաջ նրա արած աղմկահարույց հայտարարությանը, երբ նա ասել էր, որ «ցանկացած սակրավոր, որը կհայտնվի Կիրանցում, պետք է զոհվի»։

Արդեն մի քանի օր է՝ թե՛ խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն իրենց ելույթներում շարունակաբար շեշտում են, որ Էդգար Ղազարյանը պարտավոր է հրապարակային ներողություն խնդրել իր հնչեցրած խոսքերի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներսում ևս Ղազարյանի այդ հայտարարությունը միանշանակ գնահատականի չի արժանացել։ Ավելին, խմբակցության ներկայացուցիչները փորձում են հնարավորինս արագ փակել թեման և նվազեցնել դրա քաղաքական հետևանքները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ քննարկվում է այն տարբերակը, որ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից հանդես գա հրապարակային պարզաբանմամբ, ապա՝ ներողությամբ։ Ղազարյանը գործընկերների հետ մասնավոր զրույցներում հայտնել է, որ պատրաստ է այս կամ այն ձևաչափով անդրադառնալ իր նախկին հայտարարությանը և ներողություն խնդրել։

Երեկ, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից նա ելույթ էր ունենում Ազգային ժողովում, սահմանափակվեց միայն իշխանական խմբակցությանը կոչ անելով՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության քննարկման ընթացքում այդ թեմայով հարցեր չհնչեցնել։

Սակայն ՔՊ-ականները չեն պատրաստվում ընդունել այդ առաջարկը և մտադիր են շարունակել թեմայի քաղաքական շահարկումը։

Էդգար Ղազարյանն էլ ամբիոնից խոստացավ՝ բոլորը, ով ինչ ունի այդ թեմայով ասելու, ասի, վերջում ինքը կանդրադառնա այդ թեմային»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս