Ֆիլիպիններում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Եվս 15 մարդ վիրավորվել է, իսկ չորսը դեռ համարվում են անհետ կորած։
Տեղատարափ անձրևները կապված են «Լուիս» և «Մեյմեյ» արևադարձային ցիկլոնների, ինչպես նաև հարավարևմտյան մուսոնի հետ։
Երկրի աղետների կառավարման ազգային խորհուրդը հայտնել է, որ զոհերի մեծ մասը մահացել է սողանքների հետևանքով։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Բենգետ նահանգում՝ 12 մարդ։ Ռիզալում զոհվել է չորս, իսկ Բատանգասում՝ երեք մարդ։
Վատ եղանակը Ֆիլիպիններում ազդել է շուրջ 2,27 միլիոն մարդու վրա։ Տարհանման համար ստեղծվել է ավելի քան 900 ժամանակավոր կենտրոն, որտեղ ապաստանել է մոտ 95 հազար մարդ։
Ֆիլիպինների կառավարությունը տուժածներին օգնություն տրամադրելու համար հատկացրել է ավելի քան 73 միլիոն պեսո, որը մոտ 1,2 միլիոն ԱՄՆ դոլար է։
Փրկարարները շարունակում են որոնել անհետ կորածներին։




























