Armenian text to speach

«Չընկրկելով անգամ ծանր փորձությունների առջև». Մկրտիչ Սրբազանը դարձավ 51 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ծննդյան տարեդարձն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։ Սրբազանը ծնվել է 1975 թվականի օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում և այսօր դառնում է 51 տարեկան։

Սրբազանին ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորել են Արագածոտնի թեմի հոգևոր դասը, թեմական կառույցների աշխատակիցները, երիտասարդաց միությունները, կիրակնօրյա դպրոցների սաներն ու հավատավոր ժողովուրդը։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Արագածոտնի թեմի հոգևոր դասը, թեմական կառույցների աշխատակիցները, երիտասարդաց միությունները, կիրակնօրյա դպրոցների սաները եւ հավատավոր ժողովուրդը որդիական սիրով եւ նվիրումով շնորհավորում են Արագածոտնի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ծննդյան տարեդարձի առիթով։

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, այս տարիների ընթացքում Դուք հայրական ջերմ հայացքով եւ սրտացավությամբ հովվել եք Ձեզ վստահված թեմը՝ առաջնորդելով այն դեպի Ամենազոր Աստված։

Իբրեւ հավատարիմ նավավար Ձեզ վստահված նավը նավարկել եք դեպի ճշմարիտ Նավապետը՝ դեպի Հիսուս Քրիստոս՝ չընկրկելով անգամ ծանր փորձությունների առջեւ, որոնք այժմ էլ փոթորկում են Ձեզ։

Հիրավի, դուք կատարում եք առաքյալի պատվերը, որ ասում է. «…արածեցրե՛ք Աստծու այն հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարությամբ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ. ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի, երբ Հովվապետը երեւա, փառքի անթառամ պսակն ընդունեք» (Ա Պետրոս 5:2-4):

Թող Տերը բազմապատկի Ձեր կյանքի տարիները, զորացնի Ձեզ Սուրբ Հոգու շնորհներով և մշտապես պահպանի Իր ամենազոր աջի հովանու ներքո։

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն»։

Ծննդյան տարեդարձի առիթով Մկրտիչ Սրբազանին շնորհավորել են նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ թեմերի հոգևորականներ՝ իրենց բարեմաղթանքները հղելով Սրբազանին։ Սրբազանին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել նաև բազմաթիվ քաղաքացիներ։

Այս ջերմ ու անկեղծ բարեմաղթանքները վկայում են Մկրտիչ Սրբազանի հանդեպ ունեցած հարգանքի և վստահության մասին, ինչպես նաև այն գնահատանքի, որ նա վայելում է իր հոգևոր ծառայության տարիների ընթացքում։ Նրա նկատմամբ հնչող բարեմաղթանքները վկայում են նաև Սրբազանի՝ Աստծուն և Եկեղեցուն նվիրված, հոգևոր ու աստվածահաճո ծառայության մասին։

Հարկ ենք համարում նաեւ առանձնացնել Մկրտիչ Սրբազանի կենսագրության ու հոգեւոր ծառայության կարեւոր հատվածներից.

Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ծնվել է 1975 թվականի օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում։ Նա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։

1981-1992 թվականներին սովորել և ավարտել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 1985-1990 թվականներին սովորել է նաև Երվանդ Թադևոսյանի անվան նկարչական դպրոցում։

1991-1993 թվականներին եղել է ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետը։ 1993 թվականին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, իսկ 1998 թվականին ուսումը շարունակել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանում, որն ավարտել է 1999 թվականին։

1999 թվականի մայիսի 23-ին սարկավագ է ձեռնադրվել՝ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի ձեռամբ։

1999-2001 թվականներին աշխատել է Հայ Եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնում՝ որպես կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու։

2000 թվականին Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ՝ «Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնության» աստվածաբանությունը» թեմայով և արժանացել «լավ» գնահատականի։

2001 թվականի հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ։

2001-2003 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում։ Ուսմանը զուգահեռ եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվը։ 2003-2004 թվականներին սովորել է Քարդիֆի համալսարանում։

2004 թվականի հոկտեմբերի 1-ից Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչի պաշտոնակատար։ 2005-2008 թվականներին եղել է դպրանոցի տեսուչը։ 2004-2008 թվականներին վարդապետական աստվածաբանություն է դասավանդել Վազգենյան հոգևոր դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում։

2006 թվականին պաշտպանել է «Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ» թեմայով վարդապետական թեզը և Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ արժանացել մասնավոր վարդապետական գավազանի։

2007-2008 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ-ին կից Երևանի քաղաքականության դպրոցը։

2008 թվականի մարտի 19-ից Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ԱՄՆ-ի Արևելյան թեմի Ֆիլադելֆիայի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու ժամանակավոր հոգևոր հովիվ։

2009 թվականի հունիսին նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ։

Նույն թվականի սեպտեմբերի 1-ին Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

2010 թվականի ապրիլի 18-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Արագածոտնի թեմի առաջնորդ։

Մկրտիչ Սրբազանը նաև զբաղվել է աստվածաբանական գրականության թարգմանությամբ։ 2001 թվականին գրաբարից թարգմանել և տպագրել է Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնություն» աստվածաբանական գործը և Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» քարոզխոսական երկը։

Այսօր՝ ծննդյան 51-րդ տարեդարձի օրը, Մկրտիչ Սրբազանը շարունակում է առաջնորդել Արագածոտնի թեմը՝ եկեղեցական ծառայության մեջ ունենալով ավելի քան երկու տասնամյակի փորձ։

Նանիկ Աղասյան




Լրահոս