Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արամ Հովհաննիսյանին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ Հովհաննիսյանին նշանակել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,- ասված է հրամանագրում:
Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մինչ այդ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում վերջին շրջանում գրանցվող մահվան դեպքերին, նշել էր, որ որոշում կա Ռազմական ոստիկանությունում կադրային փոփոխություններ իրականացնել։
Նշենք, որ Աշոտ Զաքարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի օգոստոսից։
ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանն էլ 2023-2025 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանապետի պաշտոնը։
























































































