ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պետական պաշտոնյաների և պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։
Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանի ունեցվածք։
Բաց աղբյուրներում Հեղինե Խաչիկյանի կենսագրության, կրթության և նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ գրեթե չկան։ Հայտնի է, որ նա Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի հոկտեմբերից։
Փաստացի, ստացվում է, որ Հեղինե Խաչիկյանը 2021 թվականից ի վեր շարունակում է զբաղեցնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Այսինքն՝ խորհրդարանի քաղաքական կազմի փոփոխություններից և նոր գումարման ձևավորումից հետո ևս նա պահպանել է իր պաշտոնը Ազգային ժողովի աշխատակազմում։
Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, ապա 2025 թվականի սկզբին Հեղինե Խաչիկյանն ունեցել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/5 բաժնեմասը, Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/12 բաժնեմասը և Լոռու մարզի Լերմոնտով բնակավայրում գտնվող անհատական բնակելի տունը։ Էրեբունու բնակարանի բաժնեմասը ձեռք է բերվել 1994 թվականին, Արաբկիրի բնակարանի բաժինը՝ ժառանգությամբ 2022 թվականին, իսկ Լերմոնտովի տունը՝ 2013 թվականին գնման եղանակով։
2025 թվականի հունվարի 20-ին Խաչիկյանը օտարել է Արաբկիրում գտնվող բնակարանի իր 1/12 բաժնեմասը։ Հայտարարագրում նշված է, որ այն նվիրատվության եղանակով փոխանցվել է Վահագն Խաչիկյանին։ Տարվա ավարտին նրա հայտարարագրում մնացել են Էրեբունիում գտնվող բնակարանի 1/5 բաժնեմասը և Լոռու մարզի Լերմոնտովում գտնվող անհատական բնակելի տունը։
Շարժական գույքից Հեղինե Խաչիկյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2018 թվականի հուլիսի 30-ին և 2025 թվականի վերջին շարունակում էր մնալ նրա սեփականության մեջ։ Տարվա ընթացքում նոր ավտոմեքենա չի ձեռք բերել և եղածը չի օտարել։
Փոխարենը, ուշագրավ են նրա կանխիկ դրամական միջոցները։ 2025 թվականի սկզբին նա ունեցել է 2 հազար եվրո, 7 հազար 600 ԱՄՆ դոլար և 8 միլիոն դրամ կանխիկ։ Տարվա վերջին այդ գումարները կազմել են 4 հազար 500 եվրո, 8 հազար 500 ԱՄՆ դոլար և 9 միլիոն դրամ։
Բանկային հաշիվների մասով՝ տարվա սկզբին Խաչիկյանի հաշվներից մեկում եղել է 0 դրամ, որը տարեվերջին դարձել է 99 հազար 364 դրամ։ Եվս երկու հաշիվներում տարվա սկզբին եղել է 11 հազար 500.04 և 57 հազար 612.7 դրամ, իսկ տարեվերջին երկու հաշիվների մնացորդներն էլ կազմել են 0 դրամ։
2025 թվականին Հեղինե Խաչիկյանի հիմնական եկամուտը կազմել է 13 միլիոն 495 հազար 560 դրամ։ Ամբողջ գումարը նա ստացել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։
Այսպիսով, 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը տարեվերջին ունեցել է երկու անշարժ գույք՝ մեկ բնակարանի 1/5 բաժնեմաս և Լոռու մարզում անհատական բնակելի տուն, 2007 թվականի արտադրության «Volkswagen» ավտոմեքենա, 9 միլիոն դրամ, 8 հազար 500 դոլար և 4 հազար 500 եվրո կանխիկ միջոցներ, իսկ տարվա ընթացքում նրա հայտարարագրած եկամուտը կազմել է 13 միլիոն 495 հազար 560 դրամ։
Սոնա Գրիգորյան


















































































