ՀՀ անկախության հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ հոբելյանական տարեդարձի առիթով սեպտեմբերին նախատեսվում է իրականացնել ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառումների նպատակն է պատշաճ կերպով արժևորել և հանրայնացնել ՀՀ անկախության 35-ամյա ճանապարհը, ընդգծել անկախ պետականության ձեռքբերումների կարևորությունը և հանրությանը ներկայացնել մշակութային բարձրարժեք միջոցառումներ։ Այս նպատակով «Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն», «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ», «Հայաստանի էստրադային ջազ նվագախումբ» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում և մարզերում նախատեսվում է իրականացնել մի շարք մշակութային և համերգային միջոցառումներ։ Միջոցառումների շրջանակում նախատեսվում է անդրադառնալ Հայաստանի անկախության ձեռքբերման պատմական նշանակությանը, անկախ ՀՀ անցած 35-ամյա ուղուն, արձանագրված ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ընդգծել պետականության պահպանման, ամրապնդման և հետագա զարգացման կարևորությունը։
Մասնավորապես՝ սեպտեմբերի 19-ին Կապանում կկազմակերպվի «Անկախության օրը Կապանում» խորագրով համերգ, որին կմասնակցեն «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» երաժշտական խմբերը։ Սեպտեմբերի 18-ին Վանաձորում կկազմակերպվի «Սիմֆոնիկ Ռոք» համերգ, որին կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ: Գյումրիում կանցկացվի «Անկախության սիմֆոնիա»՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ, Իջևանում՝ «Անկախության ռիթմը Իջևանում» համերգ։ «ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված բացօթյա տոնական համերգ Հանրապետության հրապարակում»՝ նախագծի իրականացմանը, որը բաղկացած կլինի երկու հիմնական մասից՝ պատմամշակութային ներկայացումից և ՀՀ անկախության հռչակման 35-ամյակին նվիրված համերգային ծրագրից։ Պատմամշակութային ներկայացման հիմքում դրված է «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվների վրա հիմնված կոնցեպտը։ Համերգային ծրագրում նախատեսվում է ՀՀ ճանաչված և սիրված արտիստների, երաժշտական խմբերի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությունը, այդ թվում՝ Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությամբ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջոցառումների վերաբերյալ լայն իրազեկում ապահովելու անհրաժեշտությունը, որպեսզի մարդիկ տարբեր մարզերում անցկացվող միջոցառումներին մասնակցեն, ինչը կնպաստի նաև երկրի ճանաչմանը։ «Կան մարդիկ, որ չեն եղել բազմաթիվ վայրերում, որը կապի ունի նաև պետության և պետության ընկալման հետ, Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ, որովհետև եթե մարդն իր երկիրն իրականում չի տեսել… Սա զգացողության շատ կարևոր փոփոխություն է, և մենք պետք դա խրախուսենք»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ առիթները նաև ստեղծվում են մարդկանց այդ հարցում լրացուցիչ խթան տալու համար։
















































































