Armenian text to speach

Ո՞վ է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նորանշանակ նախագահը․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ։ Խաչիկյանը մինչ այս զբաղեցնում էր նույն կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը՝ այդ պաշտոնին նշանակվելով 2018 թվականի օգոստոսի 2-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Խաչատուր Խաչիկյանի ունեցվածքը , հասկանալու համար , թե ինչ ունեցվածք ունի նա։ 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Խաչիկյանը ունի երեք անշարժ գույք՝ բոլորը Երևանում։ Դրանցից մեկը բնակարան է, որի նկատմամբ նա ունի 19/80 բաժնեմաս։ Այն ձեռք է բերել 2015 թվականին՝ ժառանգությամբ։ Մյուս երկու գույքերը համատեղ սեփականությամբ բնակելի տուն և բնակարան են։ Բնակելի տունը ձեռք է բերվել 2024 թվականին, իսկ բնակարանը՝ 2003 թվականին։ 2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Խաչիկյանը հայտարարագրել է նաև 2023 թվականի արտադրության Honda մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2024 թվականի հունվարին։

Նրա բանկային հաշիվներում տարվա սկզբում առկա է եղել 89 հազար 865 դրամ, 113 եվրո և 69.7 ԱՄՆ դոլար։ Տարվա վերջում դրամային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 919 հազար 831 դրամ, իսկ եվրոյի և դոլարի մնացորդները՝ համապատասխանաբար 4.53 եվրո և 7.44 դոլար։ Բացի այդ, տարեվերջին նա հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ գումար։ Էլեկտրոնային հաշիվներում առկա է եղել 16 հազար 65 դրամ։

2025 թվականի ընթացքում Խաչիկյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 23 մլն 39 հազար 141 դրամ։ Դրանից 19 մլն 91 հազար 191 դրամը աշխատանքի վարձատրությունն է, 2 մլն 327 հազար 950 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը, իսկ 1 մլն 620 հազար դրամը ստացել է վարձակալությունից։

Նորանշանակ նախագահը հայտարարագրել է նաև երկու վարկային պարտավորություն։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դրանց մայր գումարի մնացորդը ընդհանուր կազմել է 9 մլն 975 հազար 388 դրամ։

2025 թվականին Խաչիկյանը հանգստի նպատակով կատարել է 2 մլն դրամի ճանապարհածախս և կեցության ծախս։

Այսպիսով, նորանշանակ պաշտոնյան կոմիտեի նախագահի պաշտոնին է անցնում՝ ունենալով երեք անշարժ գույք, 2023 թվականի արտադրության Honda ավտոմեքենա, շուրջ 2 մլն դրամ բանկային հաշիվների մնացորդներ, 1 մլն դրամ կանխիկ գումար և շուրջ 10 մլն դրամ վարկային պարտավորություններ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս