Նախարար նշանակվելուց առաջ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ դարձած և նախարարի պաշտոնում վերանշանակվելու համար ՕԵԿ-ից դուրս եկած Սերգո Կարապետյանը կրկին նախարար է:
Օրեր առաջ, Սերժ Սարգսյանի հրամանով, նա վերանշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում:
Մեր պաշտոնյաների շարքում շատ են այնպիսիները, ովքեր բարձրագույն կրթություն են ստացել այս կամ այն պաշտոնի համար: Սակայն Սերգո Կարապետյանն այս առումով ռեկորդակիր է` նա կրթություն է ստացել 31 տարեկան հասակում:
Նախարարի աշխատանքային գործունեությունը բազմազան է: Նա աշխատել է սեզոնային բանվոր, որակի հսկիչ, հերթափոխային քիմիկ, ավագ ապրանքագետ՝ առաքման գծով, տեխնիկայի անվտանգության գծով ինժեներ, գործարանի գլխավոր էներգետիկ:
Այս բոլոր աշխատանքները նա հասցրել է կատարել 1965-1972 թթ.: 1972-1986 թթ. զբաղեցրել է Արտաշատի՝ պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեների, ապա՝ գլխավոր տնօրենի պաշտոնը:
Եղել է նաև Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն:
2010 թ. դեկտեմբերի 31-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, 2012 թ.՝ վերանշանակվել: Մեկ անգամ էլ վերանշանակվել է 2013թ. մայիսի 8-ին:
Նախորդ նախարարական տարիներին նա եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ և դուրս եկել ՕԵԿ-ի` ընդդիմություն դառնալու որոշումից անմիջապես հետո: Շատերը քննադատեցին այս քայլը, թե նա կուսակցությունում էր միայն պաշտոն զբաղեցնլու համար, այլ ոչ թե գաղափարական նպատակներով:
Անդրադառնանք նախարարի ունեցվածքին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված ունեցվածքի և գույքի հայտարարագրում նշված դրամական միջոցներն են 81.200 դոլար, 75.120 եվրո և 172.650.000 դրամ: Նրա եկամուտը գոյացել է աշխատանքի և հեղինակային վարձատրություններից:
Նրա մեկ տարվա եկամուտը 5 միլիոնից ավելի է եղել: