ArmLur.am առանձնացրել է , թե ինչ է գրում մամուլը սեպտեմբերի 10-ին։ Նշենք, որ մամուլը հիմնականում անդրադառնում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանության գործողություններին, առողջապահության համակարգում առաջացած ներքին դժգոհություններին:
Օրվա մամուլում ուշագրավ են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հրապարակումը և ընդդիմության՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հնարավոր մարտավարությունը։ Իսկ թե ինչ զարգացումներ են այսօր առանձնացրել «Ժողովուրդ»-ը, «Հրապարակ»-ը և «Փաստ»-ը՝ ներկայացնում ենք ստորև։
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»
1. Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել այն մարզերում, որտեղ համայնքապետերի ընտրություններ են սպասվում։
Ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ և վերահսկող մարմիններին հանձնարարել է առավել ակտիվ աշխատել մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես տեղական իշխանությունների և սեփական թիմի ներսում ընթացող գործընթացները, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների լգործունեությունը։
Հատկապես ուշադրության կենտրոնում են ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումները, կապերն ու հնարավոր պայմանավորվածությունները։ Ուսումնասիրվում են նաև ընտրական գործընթացներին առնչվող հնարավոր գործարքների մասին տեղեկությունները։
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության համակարգում շարունակում են քննարկվել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պաշտոնավարման և գործունեության հարցերը։
Ըստ աղբյուրների՝ Նանուշյանը վերանշանակումից հետո հիմնականում համակարգում է նախարարության միջազգային ուղղությունը, և համակարգում դժգոհություն կա, որ նրա գործունեությունը վերջին շրջանում առավելապես արտահայտվում է արտերկրյա գործուղումներով։
Ավելին՝ երբ Նանուշյանն անձամբ չի մեկնում գործուղումների, արտերկիր են մեկնում նրա թիմի անդամները։ Արդյունքում նախարարությունում արդեն դժգոհությամբ կատակում են, թե փոխնախարարի թիմը վերածվել է միջազգային գործուղումների մշտական «ներկայացուցչության»։
«ՀՐԱՊԱՐԱԿ»
Քաղաքապետարանի աշխատակիցը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին
«Հրապարակը» գրում է, որ սեպտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված քաղաքացիներից մեկը պնդել է, թե քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության աշխատակիցները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ։
Քաղաքացու խոսքով՝ իրեն և ևս 6-7 «պարկովշչիկների» սկզբում տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ, իր պնդմամբ, քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հարվածել է իրեն, իսկ ավելի ուշ հասարակական կարգի պահպանության բաժնի ղեկավար Ավետ Բաբայանը մի քանի քաղաքացիների հերթով հայհոյել և հարվածել է։
Դեպքի վերաբերյալ ՆԳՆ-ից հաստատել են, որ սեպտեմբերի 7-ին քաղաքապետարանի գործընկերների հետ համատեղ միջոցառում է իրականացվել, սակայն բերման ենթարկվածների նկատմամբ բռնության վերաբերյալ մեկնաբանություն չեն տվել։
Ընդդիմությունը քննարկում է ՏԻՄ ընտրություններին անկախ թեկնածուներով մասնակցելու տարբերակը
«Հրապարակը» գրում է, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերն ակտիվ քննարկումների մեջ են, սակայն համայնքներում առաջադրվելու պատրաստակամ թեկնածուներ գտնելը լուրջ խնդիր է դարձել։
Թերթի տեղեկություններով՝ իրավիճակից դուրս գալու տարբերակ կարող է լինել ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներով չառաջադրվելը։ Փոխարենը թեկնածուները կարող են հանդես գալ որպես անկախ կամ հնարավորինս չեզոք կուսակցական ցուցակներով առաջադրված թեկնածուներ, որոնց, սակայն, աջակցելու են ընդդիմադիր ուժերը։
Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթին են դիմել Հայաստանի կոմպոզիտորների միության մի քանի անդամներ՝ տեղեկացնելով, որ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը երկարաժամկետ վարձակալության է տրվելու արտասահմանյան ինչ-որ ընկերության։ Նպատակն այն է, որ հնարավոր լինի և՛ ստեղծագործական տունը աշխատեցնել, և՛ վերանորոգում իրականացնել, և՛ միությունը գումար ունենա, և՛, ընդհանրապես, որ ստեղծագործական տունը չքանդվի, չավերվի: Սակայն կոմպոզիտորներն անհանգստացած են, թե նախ՝ արդյո՞ք ստեղծագործական տունը չի կորցնի իր առաջնային նշանակությունը, և երկրորդ՝ իրենք լիարժեքորեն կարողանա՞ն շարունակել օգտվել իրենց ունեցած արտոնություններից։




























