ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այս տարվա սեպտեմբերի 26-ին ոստիկանությունում կաշառակերության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվեց, օրեր հետո աշխատանքից ազատման դիմում գրեց, իսկ մեկուկես ամիս անց կալանավորվեց: Նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: Ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք Մարտիրոսյանը կհանդգներ միայնակ կաշառք վերցնել ու «մարսել», թե՞ նա այդ քայլով փորձեց փրկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ՝ Մ. Մարտիրոսյանի տուն այցելելով: Նրա մայրը՝ Աղուն Մարտիրոսյանը, ասաց. «Ես իմ մայրական բնազդի վրա վստահ եմ, որ նա նման բան անող չէր»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ եթե իր որդին արդար է, ապա ինչո՞ւ փորձեց իրեն փրկել՝ աշխատանքից ազատման դիմում գրելով, նա պատասխանեց. «Ես միայն կարող եմ ասել՝ երբ այս ամենն ի հայտ եկավ, իմ որդին ինձ ասաց, որ ինքն արդար է, արդար էլ դուրս կգա»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ