Այսօր լրանում է Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ տարին, և ArmLur լրատվականի նկարահանող խումբը Մերձավան համայնքում էր, որտեղ արձանագրում է, թե սպանությունից մեկ տարի անց ինչ իրավիճակ է համայնքում։
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ կեսգիշերին։ Վալոդյա Գրիգորյանը իր ընկերների՝ Արծրուն Գալստյանի, քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի հետ դուրս էր եկել իր առանձնատնից և զրուցում էր բակում։ Արդյունքում դիմակավորված անձը, կրակոցներ արձակելով, մոտենում է նրանց։ Հնչեցին 18-ից ավելի կրակոցներ, որոնց հետևանքով սպանվեցին Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։
Դեպքից օրեր անց կալանավորվեցին Մերձավանի բնակիչ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է եղել, մինչդեռ կալանավորվածները դատարանում հակառակն են պնդում՝ կատարվածը վենդետա չէ։
Վալոդյա Գրիգորյանի գնդակահարությունից ամիսներ առաջ
Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ամիսներ առաջ Մերձավան համայնքի վարչական շրջանի ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանի տան դիմաց վիճաբանություն էր եղել, իսկ պատճառը սպասվող համայնքապետի ընտրություններն էին։ Վիճաբանության արդյունքում հնչել էր կրակոց, ու սպանվել էր Մերձավանի բնակիչ Նարեկ Օհանյանի եղբայրը՝ Գրիգոր Օհանյանը։ Այդ դեպքի հետևանքով մեղադրյալի աթոռին հայտնվեցին Վալոդյա Գրիգորյանի մտերիմները, նաև եղբայրը։ Դեպքից հետո հնչել էր արտահայտություն՝ «Վալոդ, գլուխդ ուտելու ենք»։
Եվ ահա 2025 թվականի մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքում ընտրություններ էին, ու Վալոդյա Գրիգորյանը հաղթեց ՔՊ-ին։ Սակայն 6 ամիս հետո նրան գնդակահարեցին իր տան դիմաց, ու սա էր պատճառը, որ նախաքննական մարմինը, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակային հայտարարեցին, որ կատարվածը վենդետա է։ Մինչդեռ Վալոդյա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ։
Զարմանալի ու կասկածելի էր այն, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ Հայաստանը լքել էր Մերձավան համայնքի վարչական շրջանի ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և մինչ օրս Հայաստան չի վերադարձել։
Գործը դատարանում
Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործը դատարանում է։ Մեղադրյալները պատրաստվում են խոսել ու պնդում են՝ կատարվածը վենդետա չէ։
Ու մինչ գործը քննվում է դատարանում, դատարան են հրավիրվում վկաներ, Մերձավանում սպանությունից 1 տարի անց բոլորը արդարություն են պահանջում։
ArmLur լրատվականի նկարահանող խումբը գնաց Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ Հայաստանը լքած ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տուն։ Ոստիկանները թույլ չտվեցին դռները թակել՝ նշելով, որ որևէ մեկը չի բնակվում։ Ստացվում է, որ սպանությունից մեկ տարի անց ոստիկանությունը դեռ հսկում է սպանությունը կատարողների և ենթադրյալ կապ ունեցողների տները, իսկ նրանք մեկուսացել են համայնքից։
Սպանությունը կատարած Գևորգ Հարությունյանի տան մոտ ևս ոստիկաններ են հսկում։ Արձանագրեցինք, որ կարմիր ներկով են շաղախել Գևորգ Հարությունյանի տան պատուհանները՝ հասկացնելով, որ իրենց ձեռքերն արյունոտ են։
Ուժեղացված հսկողություն էր նաև Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի տան շրջակայքում։
Այսպիսով, սպանությունից մեկ տարի անց Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով շատ հարցեր մնում են անպատասխան։ Նա մնաց քաղաքական իշխանության կոկորդին, նրան գնդակահարեցին ընտրվելուց հետո՝ չհաշտվելով նրա հաղթանակի հետ։
Կա՞ն պատվիրատուներ, թե՞ ոչ, և ի վերջո 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի երիտասարդ կյանքը ընդհատելով՝ ով ում ինչ հասկացրեց։
Մերձավանում հիշում են համայնքապետին ու ցավ ապրում, բոլորի աչքի առաջ մեծացավ նա, սիրվեց, ընդունվեց, հասավ բոլորի դարդ ու ցավին, ուստի Աստծո դատաստանը չի ուշանա։ Մեղավորները մի օր պատասխան են տալու։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























