ArmԼur.am-ը տեղեկացավ, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ իշխանությունների և հոգևորականների հակամարտությունը նոր փուլ է մտնում։ ՔՊ խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն, որով փաստացի նախատեսվում է ԱԺ մակարդակով ուսումնասիրության առարկա դարձնել եկեղեցու ներքին կյանքն ու մի շարք հոգևորականների գործունեությունը։
ArmԼur.am-ը տեղեկացավ, որ նախաձեռնության հեղինակները ցանկանում են ուսումնասիրել Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում առաջացած, իրենց ձևակերպմամբ, «ճգնաժամը», ինչպես նաև դրա ազդեցությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման վրա։ Ի՞նչ են ուզում քննել իշխանական պատգամավորները Նախագծով նախատեսվում է ուսումնասիրել եկեղեցու հոգևորականների բարեվարքության, խախտումների և պատժելիության դեպքերը, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում ֆինանսական տեղեկատվության թափանցիկության ու հարկային պարտավորությունների հետ կապված հարցերը։
Այսինքն՝ իշխանությունը հարցը սահմանափակում չի միայն եկեղեցու ներսում առկա տարաձայնություններով։ Նախագծում ներառված է նաև ֆինանսական բաղադրիչը, ինչը կարող է առավել լայն դաշտ բացել պետական կառույցների, հարկային մարմինների և եկեղեցական կառույցների փոխհարաբերությունների ուսումնասիրության համար։
Ավելին՝ նախատեսվում է ուսումնասիրել նաև Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարման համակարգում Ազգային-եկեղեցական ժողովների և Եպիսկոպոսաց ու Եկեղեցական ներկայացուցիչների ժողովների պատշաճ գումարման հարցը, ինչպես նաև եկեղեցու կողմից տիրապետվող կամ տնօրինվող գույքի իրավական կարգավիճակի հետ կապված հարցերը։ Հանձնաժողովի օրակարգում կարող է հայտնվել նաև եկեղեցու և պետական իշխանության տարածքային ու բարեփոխումների քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև հանրապետության տարածքում գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Նահանջիկ» կառույցի հետ կապված խնդիրները։
Ամենակարևոր հարցը՝ ովքե՞ր են լինելու հանձնաժողովում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կգլխավորի հանձնաժողովը, իսկ 11 ՔՊ-ական պատգամավոր կլինեն հանձնաժողովի անդամներ:
Քննիչ հանձնաժողովը կարող է կանչել մարդկանց, պահանջել փաստաթղթեր Նախագծով նախատեսվում է, որ հանձնաժողովն իրավասու կլինի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ քննության առարկային վերաբերող լրացուցիչ տեղեկություններ։ Նախատեսվում է նաև իրավասու անձանցից պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ գրավոր և բանավոր հայտարարություններ։
Սա նշանակում է, որ եթե նախագիծը ստանա ԱԺ անհրաժեշտ աջակցությունը, եկեղեցու շուրջ ընթացող քաղաքական հակամարտությունը կարող է տեղափոխվել արդեն խորհրդարանական քննության հարթակ։ Իշխանությունը ցանկանում է 6 ամիս զբաղվել եկեղեցով Նախագծում ուղղակիորեն ամրագրված է, որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվելու է մինչև վեց ամիս։ Ստացվում է՝ իշխանությունը ոչ թե մեկօրյա խորհրդարանական լսում կամ քաղաքական քննարկում է նախաձեռնում, այլ ցանկանում է ստեղծել կես տարի գործող հատուկ քննիչ մարմին, որը պետք է ուսումնասիրի Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության միանգամից մի քանի ոլորտներ։
Եկեղեցու հարցը վերածվում է պետական-քաղաքական օրակարգի Այս նախաձեռնությունն ուշագրավ է հատկապես այն ֆոնին, որ վերջին շրջանում իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները կտրուկ սրվել են։ Այժմ այդ հակամարտությունը ստանում է նաև խորհրդարանական-իրավական ձևակերպում։ Եթե նախկինում իշխանության ներկայացուցիչների և եկեղեցու հոգևորականների միջև վեճերը հիմնականում ընթանում էին հրապարակային հայտարարությունների, հարցազրույցների և քաղաքական գնահատականների մակարդակում, ապա այս փաստաթղթով իշխանական մեծամասնությունը փաստացի առաջարկում է այդ ամբողջ գործընթացը բերել ԱԺ քննիչ հանձնաժողովի սեղանին։ Ու այստեղ ամենակարևոր հարցն այն է՝ արդյոք սա իսկապես եկեղեցու խնդիրների ուսումնասիրության փորձ է, թե իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերահսկողություն սահմանելու քաղաքական գործիք։
Որքան էլ իշխանությունը նախաձեռնությունը ներկայացնի որպես թափանցիկության, օրինականության և խնդիրների բացահայտման գործընթաց, փաստաթղթի ընդգրկուն օրակարգը ցույց է տալիս, որ խոսքը շատ ավելի լայն գործընթացի մասին է։ Եկեղեցու հոգևորականների գործունեություն, ֆինանսներ, հարկային պարտավորություններ, գույք, եկեղեցական կառավարման համակարգ, Ազգային-եկեղեցական ժողովներ, պետական իշխանության հետ հարաբերություններ․ այս ամենը մեկ քննիչ հանձնաժողովի շրջանակում։ Եվ ԱԺ-ն կհաստատի այս նախաձեռնությունը, ու հաջորդ վեց ամիսներին Հայաստանի ներքաղաքական ամենաթեժ ճակատներից մեկը կարող է տեղափոխվել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի սենյակներ։
Հարցը, հետևաբար, արդեն միայն եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին չէ։ Հարցն այն է՝ ո՞ւր է հասնելու իշխանություն–Եկեղեցի հակամարտությունը և արդյոք խորհրդարանական քննիչ հանձնաժողովը դառնալու է այդ պայքարի հաջորդ փուլը։
Սոնա Գրիգորյան




























