ArmLur.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել օրերս Շաքիի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի հետ։
Անի Ավետիսյանը ArmLur.am-ին հայտնել է, որ վիրահատությունից հետո արդեն համեմատաբար լավ է զգում իրեն։ Նրա խոսքով՝ վիրահատությունը լավ է անցել, սակայն առջևում դեռ մի շարք վիրահատություններ են։
«Ոչինչ, փառք Աստծո, հիմա ոչինչ։ Հուսամ՝ որ լավ կլինի։ Բարդ վիրահատություն է, բայց էլի վիրահատություններ կան առջևում։ Երևի դեռ այստեղ կմնամ, որովհետև ձեռքիս մատները չկան, ոտքս էլ ահավոր վիճակում է։ Ոտքս ու ձեռքս վիրահատել են՝ մի հատ Սիսիանում, մի հատ էլ այստեղ, ու էլի պիտի վիրահատեն»,- ArmLur.am-ին հայտնել է Անի Ավետիսյանը։
Նա երեկ տեսակցել է իր մեծ որդուն, իսկ այսօր նրա կողքին է քույրը՝ Լուսինեն։Անի Ավետիսյանը իր հետ տեղի ունեցած դեպքին չցանկացավ անդրադառնալ՝ նշելով, որ չի ցանկանում կրկին հիշել ու վերապրել տեղի ունեցածը։
«Չեմ ցանկանում նորից հիշեմ, նորից վերապրեմ էդ ամենը»,- ասաց նա։
Անի Ավետիսյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Նրա հարազատներն արդեն կարողանում են տեսակցել նրան։
Նանիկ Աղասյան


























