ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանն armlur.am-ին տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ մայիսի 8-ին` ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովում տեղի կունենա արտահերթ նիստ, որտեղ ԽՍՀՄ գործիչ Անաստա Միկոյանի արձանը տեղադրելու մասին քաղաքապետարանի որոշման առնչությամբ կլինի հանգամանալից քննարկում: Նիստին ներկա կլինեն թե Հայկ Դեմոյանը, թե քաղաքապետարանի այն ներկայացուցիչը, ով կհիմնավորի քաղաքապետարանի այդ որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ավագանու,Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Դեմոյանը դեմ էր քվեարկել քաղաքապետարանի այդ որոշմանը`ասելով, որ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ կարգադրել է ավելացնել Հայաստանից գնդակահարվողների թիվը մի քանի հազարով, ուստի բարոյական տեսանկյունից ինքը դեմ է: Իսկ հանձնաժողովը միաձայն համաձայնություն էր տվել քաղաքապետարանի այդ որոշմանը:
-Տիկին Պողոսյան, ո՞ւմ մտահղացումն էր տեղադրել մայրաքաղաքում Անաստաս Միկոյանի արձանը, չէ որ չի կարող ամբողջ քաղաքապետարանը լինել նման նախաձեռնության հեղինակը:
-Նման առաջարկությամբ կարող են հանդես գալ պետական հիմնարկները, ֆիզիկական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինները: Տվյալ դեպքում նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն ունի իրավական ակտի նախաձեռնության իրավունք, Երևանի գլխավոր ճարտարապետի միջնորդությամբ նախաձեռնել է այս գործընթացը: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե արդյոք արժանի է Անաստաս Միկոյանը, որ նրա արձանը տեղադրվի քաղաքում, ասեմ ձեզ, որ հանձնաժողովը չունի հնարավորություն վերագնահատելու այդ գործչի գործունեությունը:
Պետական մարմինները, որոնք լիազորված են կարծիք հայտնելու` կարող են ասել` արդյոք պետք է Միկոյանի արձանը տեղադրվի քաղաքում: Մեր հանձնաժողովը նման լիազորություն չունի:
-Իսկ հնարավո՞ր է` քաղաքապետարանը չեղյալ համարի այդ որոշումը:
-Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Կան տարբերակներ` հանձնաժողովը կարող է վերահաստատել իր դիրքորոշումը կամ կասեցնել հուշարձանի կառուցման գործընթացը մինչև պատկան մարմինները կտան իրենց եզրակացությունը:
Սոնա Դավթյան