2022 թվականից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը: Եվ ահա իրավապահ համակարգում մտավախություն ունեն, եթե դատական համակարգը ձգձգի գործը եւ մինչեւ տարեվերջ որոշում չկայացնի, ապա Աղվան Հովսեփյանի գործով վաղեմության ժամկետը կանցնի:
Աղվան Հովսեփյանի գործով դատարանում հարցաքննվում են տուժողները ու հարց է, թե ինչ հանգուցալուծում կունենա Աղվան Հովսեփյանի գործը դատարանում:
Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























