Նախօրեին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին, պաշտոնական այցով եղել է Արարատի մարզի Վերին Արտաշատ, Նորաշեն, Քաղցրաշեն եւ Ոստան համայնքներում:
Հանդիպմանը վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը հստակ ծրագրերով կանգնելու է գյուղացու կողքին: «Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու՝ ինչպիսի խնդիրներ կան»,- ասել է նա:
Ուշագրավն այն է, որ Աբրահամյանն այցելել է ոչ թե որեւէ սահմանամերձ բնակավայր, այլ՝ ուղիղ մեկնել է իր հայրենի Արարատի մարզ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վերին Արտաշատի համայնքապետ Աշոտ Ղազարյանը նշեց, որ նորանշանակ վարչապետին «շատ լավ են դիմավորել». «Մենք ինչ հարցով դիմել ենք դրանց լուծումը ստացել ենք: Եկել են գյուղ, մենք էլ դիմավորել ենք: Շատ լավ դիմավորել ենք, չէ որ առաջին անգամ է որպես վարչապետ եկել մեր գյուղ: Նախկինում, երբ տարածքային կառավարման նախարար էր, այցելել է Վերին Արտաշատ, Ազգային Ժողովի նախագահ ժամանակ նույնպես այցելել է մեր գյուղ»:
Իսկ Նորաշենի համայնքապետ Արտուշ Սարգսյանի խոսքով՝ գյուղացիներն ինչ խնդիր ունեին հայտնեցին վարչապետին: Դեռ ավելին՝ վարչապետի այցից հետո, երեկ Նորաշենում սկսվել են գյուղամիջյան ճանապարհների նորոգման աշխատանքները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նորաշենի համայնքապետ Արտուշ Սարգսյանը փոխանցեց, որ բնակիչները հիմնականում դժգոհել են խաղող մթերող ընկերություննների կողմից առաջարկվող ցածր գներից: Ինչի համար էլ վարչապետը հանձնարարական է տվել համապատասխան աշխատակիցներին, որպեսզի մթերող ընկերությունները 10-20 դրամով բարձրացնեն մթերվող խաղողի գները:
Սակայն, անշուշտ, ցավալի կլինի, եթե նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդքան մեծ ուշադրություն դարձնի միայն իր հարազատ մարզին: Չէ՞ որ Հայաստանում կան սահմանամերձ գյուղեր, որոնք ավելի շատ ունեն այդ ուշադրության կարիքը, քան Արարատի մարզի համայնքները: Արարատի մարզի Նորաշեն համայնքի ճանապարհներն այսօր նորոգվում են, իսկ Սյունիքի, Շիրակի, Տավուշի եւ այլ մարզերի համայնքները դպրոցներ, աշակերտներ չունեն: Այդ համայնքներում աշխատատեղ չլինելու հետեւանքով մարդիկ հեռանում, իսկ գյուղերն էլ օր օրի դատարկվում են: Գուցե վարչապետն այս դատարկվող համայնքներին էլ ուշադրություն դարձնի:
Հ. Գ. Լավ է, որ Հովիկ Աբրահամյանը չի գնացել Մխչյան ու մխչյանցիների մոտ չի ասել, որ կառավարությունն իր ծրագրերով կանգնելու է գյուղացու կողքին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ