ԱՐԹԻԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ ՕՐՀՆՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս միտքը մեզ հայտնեց մի արթիկցի, երբ հետաքրքրվում էինք քաղաքի ու քաղաքապետարանի մասին: «Դե, ով քաղաքապետ դարձավ, բարելավեց իր վիճակը… Ուրեմն օրհնված պաշտոն է»,-ասաց մեր զրուցակիցը:
Իսկ ահա քաղաքապետ Խաչատուր Վարագյանն էլ հայտարարել է, որ ինքը հրաժարվել է իր 850 հազար դրամ աշխատավարձից եւ հանուն արթիկցիների` անգամ թողել իր հացի բիզնեսը… Եւ խեղճ մարդն այսօր ապրում է չնչին աշխատավարձով` «կերակրվելով» այն զգացողությամբ, որ հայրենակիցները սկսել են լավ ապրել: Այսպես, իհարկե, չի լինում, եւ հազիվ թե մարդը թողնի իր շա~տ բարձր աշխատավարձը, եկամուտներ ապահովող պաշտոնը եւ բավարարվի 170 հազար դրամ աշխատավարձով` նեղություն տալով «բիզնեսներից զուրկ» իր ընտանիքին: Բնականաբար, Խաչատուր Վարագյանի ունեցվածքի մասին պաշտոնական որեւէ տեղեկատվություն չկա, նա էլ հրաժարվում է իրեն վերագրվող բիզնեսներից, սակայն գոնե հեռվից հետեւելով քաղաքապետի կենցաղին` կարելի է վստահաբար ասել, որ «ինչ-որ տեղ ինչ-որ բան» ճիշտ չի մատուցվում:
Խաչատուր Վարագյանը դպրոցում միջնակարգ կրթություն չի ստացել, այլ ութնամյակն ավարտելուց հետո սովորել է Արթիկի ինդուստրիալ տեխնիկումում: Ապա ծառայել է բանակում, իսկ դրանից հետո էլ սովորել Մոսկվայի սննդարդյունաբերության ինստիտուտի ցորենի վերամշակման եւ պահպանման բաժնում, ստացել ինժեներ-տեխնոլոգի որակավորում: Ուղիղ տասը տարի իրեն նվիրել է արտադրությանը` լինելով «Լյուքս» ձեռնարկության արտադրության տնօրեն, ապա` Արթիկի շրջկոոպի արտադրության բաժնի վարիչ: 1996 թվականին ցորենի վերամշակման մասնագետը հայտնվել է «Հայռուսգազարդ»-ում եւ նշանակվել Շիրակի ԳԳՄ-ի Արթիկի տեղամասի պետ: Ցորենն ու գազն իրարից շատ հեռու են, սակայն Խաչատուր Վարագյանը կարողացավ «վերապատրաստվել» եւ դառնալ ոլորտի ղեկավար` անշուշտ, այս հարցում ունենալով իրեն աջակցողներ եւ «տանիք»: 2002 թվականին հեռանալով Արթիկի տեղամասի պետի պաշտոնից` Խաչատուր Վարագյանը շուրջ երեք տարի զբաղվել է անձնական բիզնեսով, ինչի մասին, բնականաբար, իր կենսագրության մեջ չի գրում: Թե ինչն էր պատճառը, որ նա թողել էր շահավետ ոլորտն ու անցել անձնական բիզնեսի, չգիտենք, սակայն չի բացառվում, որ կային «խանգարող հանգամանքներ»: Այս տարիներին Շիրակի մարզպետն էր դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը, ում ջանքերով բացահայտվեցին մի շարք խախտումներ գազամատակարարման ոլորտում, հայտնի դարձան մի շարք «լեւի գծերի» փաստեր…
2005թ-ին Խաչատուր Վարագյանը նորից հայտնվեց «Հայռուսգազարդ»-ում եւ այս անգամ նշանակվեց Շիրակի ԳԳՄ տնօրեն: Այստեղ, իհարկե, ինչ-որ առեղծված կար, քանզի երեք տարի ոլորտից հեռացած մարդը, ով ընդամենն Արթիկի մասնաճյուղի տնօրենն էր, չէր կարող միանգամից դառնալ մի ողջ մարզի գազամատակարարման տնօրեն, եթե նորից ի հայտ չգային «հովանավորները»: Ոմանք պնդում են, թե այս նոր նշանակման հարցում Վարագյանին օգնել էր եղբայրը` պատգամավոր Մխիթար Վարագյանը, ով արդեն կարողացել էր սերտ կապեր հաստատել իշխանությունների հետ, բարեկամանալ Կարեն Կարապետյանի հետ… Դե իսկ մյուս եղբայրը, որը մեծահարուստ է Ղազախստանում, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մերձավորն է:
Խաչատուր Վարագյանի գործունեությունը նոր պաշտոնում որեւէ նշանակալի իրողությամբ չնշանավորվեց, եթե հաշվի չառնենք այն, որ նոր տնօրենը սկսեց արշավանք գազօգտագործողների դեմ, ոլորտում գերակա դարձավ կամայականությունը, տնօրենի հրահանգով տեսուչները սկսեցին մարդկանց զրկել գազից` ամենաչնչին վճարումներն ուշացնելու համար: Խաչատուր Վարագյանն իրեն այս պաշտոնում պահում էր բդեշխի նման` համարելով, որ իր կամքն ու ցանկությունն արդեն օրենք են: Տնօրենը ժամանակ առ ժամանակ սկսեց գազազրկել հատկապես Գյումրու մի շարք թաղամասեր, նա իր սկզբունքայնությունը կիրառեց տնակային ավաններում ապրող թշվառ ու աղքատ մարդկանց նկատմամբ…
2008թ. դառնալով Հանրապետական կուսակցության անդամ` Խաչատուր Վարագյանն ընտրվեց Արթիկի քաղաքապետ: Նա փոխարինեց մեկ այլ հանրապետականի` Հմայակ Աբրահամյանին: Այս ընտրությունը հավանաբար քաղաքական համաձայնության հետեւանք էր: Ասում են, որ դրանում մեծ դերակատարություն են ունեցել պատգամավոր եւ բիզնեսմեն եղբայրները:
2012-ին Արթիկում ՏԻՄ ընտրություններ են, եւ դատելով Խաչատուր Վարագյանի տրամադրությունից` նա պատրաստվում է նորից առաջադրվել: Դե այս մարդու հայրենասիրությունն այնքան մեծ է, որ հանուն համաքաղաքացիների` պատրաստ է աշխատել 170 հազար դրամ աշխատավարձով ու «Երկրապահ»-ի անդամատոմսով: Ի դեպ, այս «երկրապահության» մասին. թե որտեղ է երկիր պահել Խաչատուր Վարագյանը, ինչ ծառայություններ է մատուցել հայրենիքի սահմաններին եւ ինչ մասնակցություն է ունեցել գոյամարտին, ոչ ոք չգիտի…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս