Արաբական երկրների առաջնորդները կոչ են անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զերծ մնալ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուց՝ զգուշանալով, որ նոր հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության սրման։ Միևնույն ժամանակ, ըստ բրիտանական Financial Times-ի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է համոզել Թրամփին վերսկսել ռազմական արշավը։
Թրամփը, Կատարի վարչապետի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումն այս պահին քիչ հավանական է։ Նրա խոսքով՝ Պարսից ծոցի երկրները նախընտրում են պահպանել ստեղծված իրավիճակը՝ շարունակելով Իրանի ծովային շրջափակումը՝ առանց նոր ռազմական սրման։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողությունների, եթե իրավիճակը փոխվի, սակայն հույս ունի Իրանի հետ համաձայնության հասնել։ Նա ընդգծել է, որ Թեհրանին թույլ չի տրվի միջուկային զենք ձեռք բերել։
Կատարի վարչապետը հանդիպումը դրական է գնահատել՝ նշելով, որ քննարկվել են տարածաշրջանային իրավիճակն ու ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջմղման հնարավորությունները։
Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցություններում էական առաջընթաց դեռ չկա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախընտրում է հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն Իրանի ներկայացրած պահանջները համարում է անընդունելի և անիրատեսական։



























