Ռուսաստանի վիճակագրական գործակալության՝ Ռոսստատի արտահոսած տվյալների համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 412 հազար ռուս զինծառայող։ Տվյալները ձեռք են բերել բելառուսական Cyber Partisans և ուկրաինական Silent Crow հաքերային խմբերը, որոնք հրապարակել են ավելի քան 11 միլիոն մահվան վկայական պարունակող բազա։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ 412,576 մահվան վկայականներում մահվան պատճառը բացահայտորեն կապվում է պատերազմի հետ։ «Գարդիանը» չի կարողացել ինքնուրույն ստուգել տվյալների ամբողջական իսկությունը, սակայն նշում է, որ դրանք համընկնում են ռուսական կորուստների վերաբերյալ այլ գնահատականների հետ։ Բրիտանական հետախուզությունը սեպտեմբերին զոհերի թիվը գնահատել էր մոտ 500 հազար, իսկ անկախ Mediazona-ն անուններով հաստատել է շուրջ 286 հազար զոհի ինքնությունը։
Փորձագետների կարծիքով՝ արտահոսած տվյալները կարող են թերագնահատել իրական կորուստները, քանի որ որոշ զինծառայողներ դեռ անհետ կորած են կամ չեն նույնականացվել։ Նրանց գնահատմամբ՝ զոհերի իրական թիվն արդեն կարող է մոտենալ 500 հազարին։
Տվյալները նաև ցույց են տալիս, որ պատերազմի ծանրությունն անհավասար է բաշխվել Ռուսաստանի շրջանների միջև․ հատկապես մեծ կորուստներ են գրանցվել աղքատ և հեռավոր շրջաններում։ 2024 թվականի վերջին և 2025 թվականին որոշ ամիսներին զոհերի թիվը գերազանցել է ամսական 15 հազարը՝ օրական կազմելով շուրջ 500 մարդ։
Ռոսստատը հաստատել է հաքերային հարձակման փաստը, սակայն հերքել է, թե հաքերները ստացել են զգայուն տեղեկություններ։ Ռուսաստանի իշխանությունները պատերազմի առաջին ամիսներից ի վեր պաշտոնապես չեն հրապարակում ռազմական կորուստների տվյալները։
Միևնույն ժամանակ, Աբու Դաբիում նախատեսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Բանակցությունների օրակարգում են հետպատերազմյան անվտանգության հարցերը, լարվածության թուլացումն ու մարդասիրական խնդիրները։ Նախորդ բանակցությունները էական առաջընթաց չէին արձանագրել, իսկ Մոսկվան շարունակում է պահանջել, որ Ուկրաինան դուրս գա Դոնբասի իր վերահսկողության տակ մնացած տարածքներից։




























