Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամեն գյուղի համբալից» մինչև մեքենան՝ շքեղություն․ ո՞ւմ քաղաքն է Երևանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ կուսակցությունը իշխանությունը եկավ հավասարության և արդարության կարգախոսներով, բայց տարիների ընթացքում հասարակության մեջ նոր բաժանարար գծեր ստեղծեց։ Սկզբում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մարդկանց բաժանեց «սևերի» ու «սպիտակների»

Հետզհետե հեղափոխական իշխանությունը սկսեց հերոս հարկատու քաղաքացիներին  տարբերակել նաև դրամապանակի հաստությամբ։

Գույքահարկի ահռելի բարձրացում

ՔՊ մեծամասնության ընդունած օրենքով 2021 թվականից փուլային բարձրացվեց անշարժ գույքի հարկը։ Երբ Երևանի կենտրոնում ապրող տարեց բնակիչները դժգոհում էին, 2025 թվականի փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Կենտրոնում գտնվող տունը վարձով տալ ու գնալ գյուղ կամ առողջարան։ Այսինքն՝ տասնամյակներով իր տանը ապրած մարդուն առաջարկվում էր հեռանալ, որովհետև այլևս դժվարանում է պահել սեփական բնակարանը։

Կարմիր գծերի ահռելի վճարները

Հետո Երևանի կայանատեղիների այսպես կոչված կարմիր գծերի համար վճարվող գումարները մի քանի անգամով բարձրացվեցին: Խցանումների դեմ պայքարի անվան տակ Երևանի «Ա» գոտում տարեկան կայանման վճարը 12 հազարից դարձավ 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 հազար։ Սակայն թանկացումից հետո էլ փողոցների կարմիր գծերը ամիսներով զբաղված են։ Փաստորեն, վճարունակ վարորդը շարունակում է կայանել, իսկ անապահով քաղաքացին դուրս մղվեց։ Պաշտոնյայի վարորդի համար 160 հազար դրամը պարզապես նոր ծախս է, իսկ ցածր եկամուտ ունեցողի համար՝ կայանելու հնարավորությունից զրկվելը։ Սա սոցիալական արդարությո՞ւն է, թե՞ փողոցների հասանելիության վաճառք։

 «Ամեն գյուղի համբալն իր օպելով»

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, կարմիր գծերի թանկացումը հիմնավորելիս հայտարարեց, թե պետք է այնպես թանկացնել, որ «ամեն համբալ չգա կայնի ստե՝ ամեն իրա գեղի օպելով»։

Այս խոսքերն քաղաքացիներին դասակարգելու բացահայտ մտածելակերպ է։ Թեեւ նա դատարանում պարտվեց մի օպելի վարորդի, բայց իրավիճակը չփոխվեց դրանով:

Մեքենան՝ շքեղությո՞ւն

Օրերս էլ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանում ավտոմեքենայով տեղաշարժվելը պետք է շքեղություն դառնա։

Իսկ ի՞նչ պետք է անեն Երևանի կենտրոնում ապրող քաղաքացիները, տարեցները, աշխատանքի կամ բուժման նպատակով մեքենայից կախված մարդիկ, եթե հանրային տրանսպորտը դեռևս լիարժեք այլընտրանք չէ։ Սա չի բացատրվում:

Ստացվում է՝ իշխանությունը, որը խոստանում էր հավասարություն, այսօր մարդկանց բաժանում է ըստ գույքի արժեքի, եկամտի, բնակության վայրի և նույնիսկ մեքենայի մակնիշի։

Հարուստը վճարում է ու շարունակում ապրել իր սովորական կյանքով, աղքատը վճարելու հնարավորություն չունի և պետք է մի կողմ քաշվի կամ գյուղ գնա՝ մաքուր օդ շնչելու: Բա ուր մնաց մարզերի համաչափ զարգացումը: Երևան համայնքը ոչ միայն 160 հազար դրամ վճարողների քաղաքն է, ոչ էլ միայն իշխանության համար ընդունելի քաղաքացիների։ Երևանը բոլորինն է։ Իսկ հավասարությունը չի կարող լինել մի արտոնություն, որը հասանելի է միայն վճարունակներին։

Թագուհի Թովմասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս