Armenian text to speach

Դատավորներից ո՞վ ումի՞ց ինչ է խնդրել գաղտնալսման արդյունքում․ ո՞ւմ են փորձել թույլ տալ երկրից դուրս գալ․ մանրամասներ․ Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Մասիս Մելքոնյանին և դատավոր Գագիկ Պողոսյանին մեղադրանք առաջադրելու գործով։ Ի՞նչ է կատարվել։

Եվ այսպես, տևական ժամանակ դատավոր Մասիս Մելքոնյանի գործողությունները իրավապահ համակարգում խիստ կասկածելի են եղել և զայրույթի պատճառ դարձել։ Բանն այն է, որ նա հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին («Չաղ Ռուստամ») երրորդ անգամ ազատ էր արձակել կալանքից և ուղարկել տուն՝ տնային կալանքի։

Այս որոշման դեմ պայքարել էր Գլխավոր դատախազությունը՝ որոշումները բողոքարկելով ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանն էլ բեկանել էր նրա որոշումները։

Արդյունքում իրավապահ համակարգում որոշում են պատժել դատավոր Մելքոնյանին և սկսում են գաղտնալսել նրան։

Եվ ահա գաղտնալսման ժամանակ մեկ այլ բան է բացահայտվում։

Մասնավորապես, գաղտնալսման ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը, որը դատական համակարգում մեծ հարգանք ունի, դիմում է Մասիս Մելքոնյանին խնդրանքով։

Armlur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Պողոսյանը խնդրում է Մասիս Մելքոնյանին օգնել իր ծանոթներից մեկին, որը, վարորդական իրավունքից զրկված լինելով, մեքենա է վարել և հայտնվել մեղադրյալի աթոռին։

Կարո՞ղ է արդյոք վերացնել խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, որպեսզի նշված անձը երկրից դուրս գա և վերադառնա։

Դատավոր Պողոսյանի այս խնդրանքը Մասիս Մելքոնյանը չի մերժում և ընդառաջում է նրան։

Եվ ահա իրավապահ համակարգում այս խնդրանքը որակում են որպես արդարադատությանը միջամտություն և երկու դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնում ԲԴԽ։

Քիչ առաջ երկու դատավորների լիազորությունները կասեցվեցին։

Ի դեպ, դատելով իրավիճակից՝ քիչ անց Հակակոռուպցիոն կոմիտեն երկու դատավորներին արդարադատությանը միջամտելու համար մեղադրանք կառաջադրի և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն կներկայացնի դատարան։

Քնար Մանուկյան




Մամուլի Տեսություն

Լրահոս