Armenian text to speach

Հութիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նեղուցի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող՝ Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Կարմիր ծովը Ադենի ծոցին կապող ռազմավարական նշանակության Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարակից տարածքից զորքերը դուրս բերելու մասին։ Նահանջի հետևանքով տարածքն անցել է Իրանի աջակցությունը վայելող հութի ապստամբների վերահսկողության տակ։

Եմենի զինված ուժերի փոխանցմամբ՝ զորքերը վերատեղակայվում են՝ երկրի ժամանակավոր մայրաքաղաք Ադենի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Կառավարական ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ զորքերը դուրս են բերվում Դուբաբի օդանավակայանի և Բաբ էլ-Մանդեբի շրջանից։ Որոշումը պայմանավորված է առաջնագծերն ամրապնդելու և առկա սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտությամբ։

BBC-ի փոխանցմամբ՝ հութիների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները կիրակի ավելի ուշ հայտնել են, որ խմբավորումն իր վերահսկողության տակ է վերցրել այդ տարածքները։ Սաուդյան Արաբիան այս հայտարարությանն առայժմ չի արձագանքել։

Այսպիսով՝ ավարտվում է մի քանի շաբաթ տևած ռազմական գործողությունը, որի նպատակն էր հութիներից հետ վերցնել նեղուցի հարակից տարածքները։ Հութիները սեպտեմբերին անսպասելի հարձակման արդյունքում գրավել էին այդ հատվածը՝ վտանգելով միջազգային նավագնացությունը և նեղուցով անցնող բեռնափոխադրումները։

Հոկտեմբերի սկզբին կառավարական ուժերը հայտարարել էին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել նեղուցը։ Մինչ այդ՝ մեկ ամիս առաջ, հութիները հայտնել էին Պերիմ կղզու և ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա նավահանգստային քաղաքի գրավման մասին։

Հութիները հայտարարել են, որ նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո միջազգային նավագնացության համար սպառնալիք չեն ներկայացնում, սակայն շարունակելու են թիրախավորել Սաուդյան Արաբիայից եկող նավերը։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողության փոփոխությունն անդրադարձել է նաև համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Նավթի գների աճին նպաստել է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցի փակվելուց հետո Սաուդյան Արաբիան նավթի արտահանման համար ավելի մեծ չափով սկսել էր ապավինել Կարմիր ծովին։

Վերջին շաբաթներին հութիները մի քանի անգամ հարձակումներ են իրականացրել նաև Ադենի ուղղությամբ։ Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած հարձակման թիրախում եղել է նախագահական պալատը․ զոհվել է հինգ մարդ, ևս 16-ը՝ վիրավորվել։ Սաուդյան Արաբիան պատասխանել է հարյուրավոր օդային հարվածներով, իսկ հութիները հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի քաղաքների ու ենթակառուցվածքների ուղղությամբ։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ մարտական գործողությունների սրման հետևանքով Եմենում տեղահանվել է շուրջ 330 հազար մարդ։ Հաղորդվում է նաև հարյուրավոր զոհերի մասին։

Եմենում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014 թվականին, երբ հութիները գրավել են մայրաքաղաք Սանան և իշխանությունից հեռացրել կառավարությանը։ Հակամարտությունն ավելի է սրվել 2015 թվականին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան միջամտել է՝ փորձելով վերականգնել միջազգայնորեն ճանաչված կառավարության իշխանությունը։

Չորս տարի տևած ոչ պաշտոնական հրադադարը սկսել է խաթարվել հուլիսին, երբ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ «ծովային շրջափակման» մասին և սկսել հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի հարձակումներ Սաուդյան Արաբիայի օդանավակայանների, նավթային օբյեկտների և Կարմիր ծովում գտնվող լցանավերի ուղղությամբ։ Հութիները հայտարարել են, որ այդ գործողությունները պատասխան են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների նավահանգիստների և օդանավակայանների շրջափակման, ինչպես նաև Սանայի օդանավակայանին հասցված ավիահարվածի համար, որի պատասխանատվությունը նրանք վերագրել են Սաուդյան Արաբիային։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս