Վրաստանը չի մասնակցի նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության ընդլայնման հարցերով գագաթնաժողովին։ Պատճառն այն է, որ միջոցառման կազմակերպիչները Թբիլիսիին հրավիրել են մասնակցելու միայն Եվրամիությունում Վրաստանի դեսպանի մակարդակով։
Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Վրաստանը նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք միջոցառմանը, այդ թվում՝ կապերի ամրապնդման հարցերով նախարարական գագաթնաժողովին մասնակցելու համար, համապատասխան մակարդակի հրավեր չի ստացել։
«Հետևաբար, Վրաստանի ներկայացուցիչը նշված հանդիպմանը չի մասնակցի»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, նախարարությունում ընդգծել են, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը և պատրաստ է մասնակցել հանդիպումներին՝ համապատասխան մակարդակով հրավեր ստանալու դեպքում։ Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բրյուսելին հայտնի է Թբիլիսիի դիրքորոշումը։
Նշենք, որ ԵՄ ընդլայնման հարցերով ֆորումն անցկացվելու է «Ընդլայնված Եվրոպա՝ ուժեղ Եվրոպա» կարգախոսով։ Միջոցառման կազմակերպիչը ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն է։
Անի Վարդանյան






















