Armenian text to speach

Անհայտ կորածների հարցով համաժողովին ընդդիմադիր փաստաբանին չեն հրավիրել․ ինչո՞ւ են սահմանափակել նրա մասնակցությունը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Տաթևիկ Սողոյանին թույլ չեն տվել մասնակցել նոյեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տաթևիկ Սողոյանը հայտնեց, որ Անհետ կորած անձանց համահայկական ասոցիացիայի կոնսենսուսային որոշմամբ՝ ինքը պետք է ասոցիացիայի ներկայացուցիչներից մեկը լիներ համաժողովում։ Ավելին՝ անհայտ կորածների ծնողները բազմիցս ցանկություն են հայտնել, որ նման միջոցառումների ժամանակ հենց ինքը ներկայացնի իրենց խնդիրները։ Պատճառներից մեկն էլ այն է, որ Սողոյանն անձամբ ունի անհայտ կորած հարազատ և մասնագիտացած է մարդասիրական հարցերում։

Սակայն համաժողովի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ փաստաբանին հայտնել են, որ նա չի կարող մասնակցել միջոցառմանը։

Տաթևիկ Սողոյանը կատարվածը պատահական չի համարում և իր մասնակցությունը չեղարկելու որոշման հիմքում երկու հիմնական պատճառ է տեսնում։ Նրա համոզմամբ՝ առաջինը իր հասարակական և իրավապաշտպան գործունեությունն է՝ ընդգծված ընդդիմադիր հայացքներով, իսկ երկրորդը՝ Հայաստանի իշխանությունների՝ անհայտ կորածների հարցում վարած քաղաքականության վերաբերյալ իր քննադատական դիրքորոշումը։

«Հայաստանի կառավարությունը, երևի, ի դեմս Ազգային անվտանգության ծառայության, իրեն իրավունք է վերապահել իմ անունը հեռացնել ցանկից՝ առանց որևէ բացատրության։ Ես հիմնավոր ենթադրություն ունեմ, որ դա ունի երկու պատճառ։ Մեկը՝ իմ հասարակական գործունեությունը, իրավապաշտպան գործունեությունը՝ ընդգծված ընդդիմադիր հայացքներով պայմանավորված, և երկրորդը՝ բովանդակային, ինտելեկտուալ մասն է, որով ես քննադատում եմ հենց իրենց վարվելակերպն անհայտ կորածների հարցում։ Իմ քննադատությունը հյուրերի շրջանակում կարող էր վնաս հասցնել իրենց հեղինակությանը։ Այդ վախերից ելնելով՝ իմ մասնակցությունն այնտեղ չեղարկել են»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Սողոյանի խոսքով՝ ինքը նախապես պատրաստվել էր համաժողովի ընթացքում մի շարք կարևոր հարցեր բարձրացնել, որոնք անմիջականորեն առնչվում են անհայտ կորածների ճակատագրին և Հայաստանի իշխանությունների որդեգրած բանակցային մոտեցումներին։

Մասնավորապես, նրա հիմնական հարցադրումը վերաբերելու էր նրան, թե ինչու է Հայաստանը համաձայնել Ադրբեջանի պահանջին, ըստ որի՝ հումանիտար հարցերը ևս պետք է քննարկվեն բացառապես մեկուսի պայմաններում, և որքանով է ընդունելի, որ անհայտ կորածների վերաբերյալ բանակցություններն անցկացվեն առանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցության։

«Այն առանցքային հարցը, որ պետք է տայի, այն էր, թե ինչու է Հայաստանը համաձայնել Ադրբեջանի պահանջին, որ հումանիտար հարցերը ևս պետք է քննարկվեն բացառապես մեկուսի պայմաններում, և որքանով է Հայաստանը ընդունելի համարում, որ նույնիսկ անհայտ կորածների հարցի բանակցությունները պետք է կատարվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բացակայությամբ։ Մինչդեռ հենց այն լավագույն փորձը, որին իրենք հղում են կատարում, վկայում է, որ մարդասիրական կազմակերպության ներկայությունը միայն նպաստում է այդ գործընթացին»,- նշեց փաստաբանը։

Ստացվում է՝ միջազգային համաժողով, որի առանցքում անհայտ կորած անձանց ճակատագիրն է, մարդասիրական երկխոսությունն ու համագործակցությունը, անցկացվում է առանց այդ հարցով զբաղվող իրավապաշտպաններից մեկի մասնակցության։ Ընդ որում՝ առանց որևէ հստակ հիմնավորման։

Հատկանշական է, որ խոսքը ոչ միայն իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանի, այլև անհայտ կորածների ընտանիքների խնդիրներին անձնական և մասնագիտական առնչություն ունեցող անձի մասին է։ Ավելին՝ նրա մասնակցությունը, ըստ իր փոխանցած տեղեկությունների, նախապես համաձայնեցված է եղել հենց ոլորտային ասոցիացիայի ներսում։

Ի վերջո, հարց է առաջանում՝ ո՞ւմ համար է կազմակերպվում անհայտ կորածների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը, եթե այդ խնդիրների մասին բարձրաձայնողներին անգամ հնարավորություն չի տրվում ներկա գտնվել և իրենց հարցերն ուղղել մասնակիցներին։ Եվ արդյոք մարդասիրական երկխոսությունը կարող է լիարժեք լինել, երբ դրանից դուրս են մնում այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարում են անհայտ կորածների ընտանիքների իրավունքների պաշտպանության համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Մամուլի Տեսություն

Լրահոս