Armenian text to speach

Նոր Սահմանադրությամբ հանվել է երկրի պաշտպանությանը մասնակցելու՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտականության մասին դրույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ArmLur.am-ը արձանագրեց , որ նոր Սահմանադրության նախագծում փոխվել է նաև Զինված ուժերին վերաբերող կարգավորումը։ Եթե գործող Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ Զինված ուժերն ապահովում են Հայաստանի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ապա նոր նախագծի 9-րդ հոդվածում այդ ձևակերպումը վերաշարադրվել է։
Հին․ Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Նոր տարբերակով նշվում է, որ Զինված ուժերի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և անվտանգությունը պաշտպանելն է։

Նոր․ Հոդված 9. Զինված ուժերը

  1. 1. Զինված ուժերի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և անվտանգությունը պաշտպանելն է։

  2. 2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

Սակայն առավել ուշագրավ փոփոխությունն այն է, որ նոր նախագծից ամբողջությամբ հանվել է գործող Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ կետը, որով սահմանվում է. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»։

Այսպիսով, նոր Սահմանադրության հրապարակված տեքստում այլևս չկա գործող Սահմանադրությամբ ամրագրված՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու յուրաքանչյուր քաղաքացու պարտականության մասին դրույթը։ Միաժամանակ պահպանվել է Զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու պահանջը։

Ա․ Վարդանյան



Մամուլի Տեսություն

Լրահոս