Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության տեքստը։
Նոր նախագծում կուսակցությունների և զանգվածային լրատվության միջոցների գործունեությանն առանձին գլուխ է հատկացված։
Նոր նախագծի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ կուսակցությունները կարող են ֆինանսավորվել միայն քաղաքացիներից նվիրատվություններ ստանալու միջոցով, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ պետական բյուջեից։ Կուսակցությունները պետք է գործեն ֆինանսական թափանցիկության սկզբունքով։
Նոր նախագծի 24-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ օրենքով նախատեսված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Իսկ կուսակցության գործունեությունը ենթակա է արգելման, եթե այն քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում, պետության անկախությունից հրաժարում, ազգային կամ կրոնական ատելություն, բռնություն է կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, դրա գործունեությունն ուղղված է ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն կամ ստացել է ֆինանսավորում օտարերկրյա աղբյուրից։
Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության 8-րդ հոդվածով երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունն ու բազմակուսակցական համակարգը։ Նույն հոդվածով սահմանվում է, որ կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն, նրանց համար երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ, իսկ կուսակցությունների կառուցվածքն ու գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին։
Գործող Սահմանադրության 46-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին։ Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ սահմանադրական կարգի բռնի տապալում քարոզող կամ այդ նպատակով բռնություն կիրառող կուսակցությունները ենթակա են արգելման։
Սոնա Գրիգորյան























































































