Armenian text to speach

Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ-ի ենթակառուցվածքներին՝ իր վրա նոր հարձակման դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ զերծ մնալ Իրանի դեմ նոր հարձակումից՝ հայտարարելով, որ նման զարգացումների դեպքում իրանական զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել հակառակորդի ենթակառուցվածքներին։

Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Հաթամին այս մասին հայտարարել է երեքշաբթի օրը՝ Թեհրանում, Բանակի հրամանատարական և գլխավոր շտաբի բարձրագույն քոլեջում (DAFOOS) ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Իրանի ռազմական, հասարակական, քաղաքական և աշխարհաքաղաքական կարողությունները խաթարել են հակառակորդի հաշվարկները՝ ցույց տալով, որ երկիրը հեշտ թիրախ չէ։

Հաթամին ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա, որպեսզի պատերազմի հետևանքները կրեն միայն իր քաղաքացիները։ Նրա հայտարարությամբ՝ Իրանի դեմ պատերազմ սկսող կամ նրա հակառակորդներին աջակցող կողմերը նույնպես կզգան դրա գինը։

«Մենք արդեն մշակել ենք նոր ռազմագործողությունների ծրագրեր՝ նոր ռազմավարությունների իրականացման համար, և կատարել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։ Եթե կրկին հարվածներ հասցվեն մեր ենթակառուցվածքներին, մենք նրանց ենթակառուցվածքներին այնպիսի հարվածներ կհասցնենք, որոնց հետևանքները հեշտ չի լինի վերացնել»,- հայտարարել է Իրանի բանակի հրամանատարը։

Նա հավելել է, որ նոր պատերազմի բռնկման դեպքում Իրանը թշնամիներին «ջախջախիչ և անմոռանալի դաս» կտա։

Հաթամիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը, առաջնորդվելով Աշուրայի մշակույթով և սեփական պատմական փորձով, կշարունակի դիմակայել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

Անի Վարդանյան



Մամուլի Տեսություն

Լրահոս