Armenian text to speach

Զարեհ Սինանյանը կգործուվի Ֆրանսիա և Վրաստան․ ովքեր են ուղեկցելու նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղումների է մեկնելու Ֆրանսիա և Վրաստան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 1174-Ա որոշման համաձայն՝ նոյեմբերի 26-30-ը Սինանյանը լինելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Գործուղման նպատակն է մասնակցել հայկական համայնքների նախաձեռնությամբ անցկացվող համաժողովներին, հանդիպումներ ունենալ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կրթության, մշակույթի և գործարար ոլորտներում գործունեություն ծավալող հայազգի գործիչների հետ։

Սինանյանի հետ Փարիզ կմեկնեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի մշտադիտարկման բաժնի պետ Լիլիթ Խաչատրյանը և նույն վարչության խորհրդական Ալան Թորոսեանը։

Սակայն Ֆրանսիայում գործուղումն ավարտելուց հետո Սինանյանը չի վերադառնա Հայաստան, այլ Փարիզից կմեկնի Վրաստան։ Ըստ վարչապետի N 1176-Ա որոշման՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը նա կլինի Թբիլիսիում՝ մասնակցելու «Սփյուռքի գլոբալ գագաթնաժողով 2026» (Global Diaspora Summit 2026) խորագրով միջոցառմանը։

Վրաստանում նախատեսվում են նաև հանդիպումներ հայկական համայնքի ներկայացուցիչների, կրթության, մշակույթի և գործարար ոլորտներում գործունեություն ծավալող հայազգի գործիչների հետ։ Այցի նպատակն է ամրապնդել առկա համագործակցային կապերն ու քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։

Թբիլիսիում Սինանյանին կուղեկցեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և հաշվառման վարչության պետ Կարեն Ավանեսյանը և հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է գործուղումների ծախսերին, ապա Փարիզ մեկնելու՝ Սինանյանի ավիատոմսի արժեքը վճարվելու է պետական բյուջեից։ Իսկ Թբիլիսիի գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և դեկտեմբերի 3-4-ի գիշերավարձի ծախսերը ևս հոգալու է վարչապետի աշխատակազմը։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածի գիշերավարձը, ինչպես նաև Կարեն Ավանեսյանի և Հովհաննես Ալեքսանյանի ճանապարհածախսը հոգալու է հրավիրող կողմը։

Սոնա Գրիգորյան



Մամուլի Տեսություն

Լրահոս