Գերմանիայի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը պետք է անհապաղ ավարտվի՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանին զիջելով, իր բնորոշմամբ, «ռուսալեզու տարածքները»։ Նա նաև պնդել է, որ Ուկրաինան նախկինում հարձակվել է սեփական բնակչության վրա։
Welt հեռուստաալիքի փոդքասթում Վայդելը նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի այդ տարածքներից, և խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այդ իրողությունը։ Նա մեղադրել է Ուկրաինային Մինսկի պայմանավորվածությունները չկատարելու մեջ՝ պնդելով, որ Դոնբասում ռուսախոս բնակչությունը հետապնդումների է ենթարկվել։
Վայդելը նաև Ուկրաինայում 2014 թվականի իշխանափոխությունը բնորոշել է որպես «պետական հեղաշրջում»՝ պնդելով, որ այն իրականացվել է արևմտյան կազմակերպությունների աջակցությամբ։ Նրա խոսքով՝ Գերմանիան պետք է չեզոք միջնորդի դեր ստանձնի պատերազմը դադարեցնելու բանակցություններում։
Անդրադառնալով Ուկրաինայի հաղթանակի կամ Ռուսաստանի առաջխաղացման հնարավոր հետևանքներին՝ Վայդելը չի համաձայնել այն տեսակետին, որ Ռուսաստանի հաղթանակը կարող է փախստականների նոր հոսք առաջացնել դեպի Գերմանիա։ Նա հակառակը՝ հայտարարել է, որ խաղաղության հաստատման դեպքում Գերմանիայում բնակվող շուրջ 1,1 միլիոն ուկրաինացիներ կվերադառնան հայրենիք։
Վայդելը նախկինում ևս հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման և Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման օգտին։ Նա կոչ է արել վերականգնել ռուսական նավթի ու գազի ներկրումը, դեմ է արտահայտվել Կիևին հետագա ռազմական աջակցությանը և հայտարարել, որ AfD-ի իշխանության գալու դեպքում կդադարեցնի Ուկրաինային ուղղված ֆինանսական օգնությունը։ Հոկտեմբերին նա նաև պնդել էր, որ Ուկրաինան արդեն պարտվել է պատերազմում։




























