ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի՛ ընթերցողներ, ձեզ պարբերաբար ներկայացրինք, թե հայտնի մարդկանցից ով որտեղ է դիմավորելու Նոր տարին: Հարցման արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որ նրանցից շատերը կարողանում են տարվա ընթացքում իրենց թույլ տալ շքեղություն ու տոները նշել արտերկրում:
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ իր մեծ ընտանիքով կմեկնի Իրան եւ Թեհրանում կդիմավորի 2012 թվականը:
-Նոր տարին նշելու ենք ամբողջ ընտանիքով Թեհրանում, մեզ հետ է լինելու նաեւ քրոջս` Մանեի ընտանիքն ու նրա դուստրը` Անահիտը: Մեզ են միանալու նաեւ Ռուսաստանի մեր բարեկամները ու բոլորով միասին կմեկնենք Պարսկաստան: Այս տարի որոշել էինք, որ անպայման դրսում դիմավորենք մեր Նոր տարին, եթե Պարսկաստան չգնայինք, մեկնելու էինք Կրասնոդար` մեր հարազատների տուն:
-Իսկ ինչո՞ւ ընտրեցիք Իրանը:
-Շատ վայրերից առաջարկներ ու հրավերներ եղան, բայց մենք ընտրեցինք Թեհրանը: Միայն հայրիկս ու եղբայրս մեզ հետ չեն գա: Նրանք էլ կմեկնեն Սիրիա ու հարսիկիս ընտանիքի հետ կանցկացնեն տոները, դե իմ հարսիկն էնտեղից է:
-Փաստորեն, մի քանի օրից մեկնում եք:
-Դեկտեմբերի 29-ին մեկնելու ենք, բայց դա չի նշանակում, որ մեր տանը տոնական տրամադրություն չի լինելու: Սուրբ Ծնունդին կլինենք Հայաստանում եւ այստեղ կրկին կնշենք: Մենք մի փոքր ճյուղ կզարդարենք: Ես դեռ ոչինչ չեմ հասցրել անել ժամանակի սղության պատճառով, նույնիսկ նվերներ դեռ չեմ գնել: Բայց իմ ճաշակով լավ նվերներ կընտրեմ:
-Սա առաջի՞ն տարին է, որ դրսում եք նշում:
-Որ ամբողջ ընտանիքով միասին մեկնենք, այո՛: Միշտ այստեղ ենք եղել Նոր տարուն, եւ ինչպես բոլոր ընտանիքներում, մենք էլ սեղան ենք գցել, տարատեսակ համեղ բաներ ենք պատրաստել:
-Մայրիկիդ օգնե՞լ ես որեւէ բանով:
-Իհարկե, սուտ կլինի, եթե ասեմ, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը կարողացել եմ օգնել ինչ-որ բանով: Դե մեր պարագայում շատ նկարահանումներ են լինում, ամեն օր մի քանի տեղ վազվզում ենք: 31-ին ամենաազատ օրն է, երբ բոլորս շունչ ենք քաշում: Անցած տարի բոլոր աղցանները ինքս էի պատրաստել: Նույնիսկ եթե խոհանոցում չեմ օգնում, ապա տան հարդարանքի ու մաքրության հարցով օգտակար լինում եմ: 
Ի դեպ, առիթից օգտվեմ ու շնորհավորեմ ձեր թերթի ողջ անձնակազմին: Ու քանի որ այս տարի իմ տարին է, ես մեծ սպասումներով եմ լցված, եւ թող բոլորն ինձ պես հույսով սպասեն: Քանի որ զույգ տարի է, թող բոլոր միայնակ սրտերը գտնեն իրենց երկրորդ կեսին:

ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ
-Մենք ընտանիքով այստեղ չենք լինելու, մեկնելու ենք Ամերիկա` կնոջս ծնողների հետ ենք նշելու մեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Վերջին տարիներին շատ ենք դրսում անցկացնում, չնայած ինձ համար ցանկալի է, որ ես այստեղ լինեմ:
-Նոր տարուց առաջ մարդիկ ցուցակ են գրում, թե որքան գումար են ծախսելու: Դուք ինչքա՞ն եք նախատեսել:
-Մենք ցուցակ չենք գրում, ինչքան ստացվում է, ծախսում ենք: Ամերիկայում ավելի հեշտ է լուծել նվերների հարցը, թեթեւ բաներով մարդիկ ուրախանում են: Քանի որ մենք ենք հյուրը, ավելի շատ մեզ են նվերներ տալիս: Մի լավ բան էլ կա ԱՄՆ-ում: Մարդիկ նվերները բերում են, ու եթե քեզ դուր չի գալիս, դու կարող ես տանել այդ խանութ ու հետ տալ կամ վերցնել այն, ինչ քո սրտով է: Իսկ հաճախ խանութի քարտ են տալիս` վրան գումար, գնում ես եւ օգտվում: Շատ դեպքերում մեզ այնքան գումար է ավելանում, որ բավականացնում է ուրիշներին էլ նվերներ առնելու:

ՆԱՆԱ
-Նոր տարուն այստեղ չեմ լինելու: Ընկերոջս հետ մեկնելու ենք Մոսկվա: Դեկտեմբերի 25-ին հայ համայնքի հրավերով ես մենահամերգ ունեմ, դե որոշեցի մի քանի օր էլ այնտեղ մնալ ու դիմավորել Նոր տարին: Ճիշտ է, ընտանիքիցս հեռու եմ լինելու, բայց սիրելիս կողքիս է:
-Ի՞նչ եք ակնկալում գալիք տարվանից:
-Հրաշքների չեմ սպասում, ուզում եմ ստանալ ժողովրդի սերը: Ձմեռ պապիկից էլ խնդրում եմ առողջություն ու հաջողություն: 
Նոր տարին Հայաստանում չեն տոնի նաեւ Աշոտ Ղազարյանը կնոջ` Մելանիայի հետ: Նրանք իրենց տոները կանցկացնեն Իտալիայի սրտում` Հռոմում:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանն էլ որոշել են իրենց համատեղ կյանքի առաջին Նոր տարին անցկացնել էկզոտիկ Շրի Լանկայում:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս