Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, այսօր արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի 6 առաջարկներին, որոնք առնչվում են ԼՂ խնդրի կարգավորման հետ, ասաց, որ ինքն այդ առաջարկների մասին, առաջին անգամ չէ, որ լսում է:
Փոխնախարարի խոսքով` Ջեյմս Ուորլիքի հայտարարության իմաստն ու ցանկությունն այն է, որ խնդրի կարգավորումն առաջընթաց արձանագրի:
«Բոլորի համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է երկու պայման: Պայման, որը ոչ թե դնում է կողմերից մեկը, այլ առաջ են քաշվում այնպիսի պայմաններ, որոնք առաջընթաց կբերեն խնդրի կարգավորման համար: Կողմերի միջև պետք է լինի վստահության մթնոլորտ, առանց դրա նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: Երկրորդ՝ բանակցային գործընթացում պետք է լիարժեք ներգրավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ ԼՂՀ-ն: Քանի դեռ Բաքուն խոչընդոտում է վստահության մթնոլորտի ձևավորմանը, հասկանալի է, որ առաջընթացի հասնելու այդ բարի ցանկությունները քիչ հավանական են»,-ասաց Քոչարյանը:
Պրն. Քոչարյանի խոսքով` Բաքուն ուժի սպառնալիքից չի հրաժարվում ու մերժում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նա միայն շեշտադրում է մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ աղավաղված, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը: